‘Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է «բեն Լադենի» նվիրատվությունը ‘

967

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է սպանված ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի անունից արված նվիրատվությունը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրում է ամերիկյան պահպանողական WorldNetDaily պարբերականը: Իրականում գումարն ուղարկել են  WND-ի պակիստանյան կայքի լրագրողները՝ ապացուցելու համար, որ Օբաման նվիրատվություններ է ստանում արտասահմանից, թեև օրենքով դա արգելված է:

WND-ի աշխատակիցներն Օբամայի շտաբին գումար են ուղարկել երկու անգամ: Առաջին անգամ նրանք 15 դոլար են ուղարկել հոկտեմբերի 26-ին՝ օգտագործելով պակիստանյան IP-հասցեն: Թերթիկը լրացրել են 2011 թ. մայիսին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանված ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի անունով,  որպես հասցե՝ նշել են՝ Կալիֆոռնիա նահանգ, Աբոտաբատ քաղաք ( այս քաղաքում է սպանվել բեն Լադենը), իսկ որպես փոստային ինդեքս՝ 91101 (2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարեթիվն ու ամսաթիվը): «Գործունեության տեսակը» վանդակատողում լրագրողները նշել են՝ «ահաբեկիչների հանգուցյալ առաջնորդ», իսկ որպես աշխատավայր՝ «Ալ-Քաիդա»: Հաջորդ օրը WND-ի լրագրողները որոշել են կրկնել իրենց փորձը՝ համոզվելու համար, որ սխալ տեղի չի ունեցել, և նույն հասցեով, նույն անվամբ Օբամայի շտաբին են փոխանցել 5 դոլար: Բանկում հաստատել են, որ երկու դեպքում էլ գումարը դուրս է գրվել հաշվից: WND պարբերականը դրանից եզրակացրել է, որ Օբամայի շտաբն ընդունակ չէ հետևելու, թե որտեղից են ստացվում նվիրատվությունները: Լրագրողները տեղեկացրել են, որ պատրաստվում են ապօրինի նվիրատվությունների վերաբերյալ հայտարարություն ներկայացնել Դաշնային ընտրական հանձնաժողովին և ՀԴԲ-ին:

Նախորդ հոդվածը‘Հարավկորեացի Պան Գի Մունը հանուն խաղաղության պատրաստ է այցելել «թշնամի» Հյուսիսային Կորեա ‘
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ես փոփոխություն արդեն չեմ ակնկալում’