‘Օբաման եւ Մերկելը Ռուսաստանի գործողությունները որակել են որպես սադրանք’

917

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ռուսական հումանիտար օգնությամբ ավտոմեքենաների շարասյան մուտքը Ուկրաինայի տարածք որակել են որպես սադրանք: Ավելի վաղ Ռուսաստանի այս գործողությունները քննադատել էին նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի շարք անդամներ:

Օբաման եւ Մերկելը մասնավորապես նշել են. «Ռուսաստանի այս գործողությունները, առանց Ուկրաինայի իշխանությունների համաձայնության, համարվում են սադրանք, ինչպես նաեւ խախտում են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքները: Ռուսաստանը պարտավոր է շարասյունը դուրս բերել Ուկրաինայի տարածքից  եւ ընդունել ուկրաինական կողմի եւ ԿԽՄԿ-ի հետ նախապես համաձայնեցված  պայմանները»:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմի որոշմամբ բեռնատարները հատել էին Ուկրաինայի հետ սահմանը՝ առանց Կիևի համաձայնության՝ մարդասիրական բեռը երկրի արևելք հասցնելու համար: Ուկրաինայի անվտանգության ծառայությունն երկրի տարածքով ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյան առաջխաղացումն «անմիջական ներխուժում» էր որակել:

Նախորդ հոդվածը‘Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ում մնացած ավտոմեքենաների տերերը տուգանքներից խուսափելու համար պետք է դիմեն ֆիննախ ‘
Հաջորդ հոդվածը‘2012-14-ին Հայաստանում կին վարորդների թիվը կրկնապատկվել է ‘