‘Օբաման խոստովանել է, որ արդեն վեց տարի չի ծխում, «քանի որ վախենում է կնոջից»’

827

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ չի ծխում արդեն վեց տարի, ու կատակել է, թե այդ վտանգավոր սովորույթին վերջ է տվել առաջին տիկին Միշել Օբամայի ահից, փոխանցում է NBC-ն: Օբաման դա հրապարակավ չի ասել, այդ խոսքերը մամուլում են հայտնվել միացրած բարձրախոսի շնորհիվ: ԱՄՆ նախագահը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաինա Կիաին զրուցել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընդմիջմանը: «Հուսով եմ՝ դուք ծխելը թողել եք»,- ասել է Օբաման զրուցակցին: Կիաին պատասխանել է, թե, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ ծխում է, ու իր հերթին հարցրել է, թե արդյո՞ք Օբամային հաջողվել է թողնել ծխելը: «Վեց տարի է՝ մի գլանակ անգամ չեմ ծխել… որովհետև կնոջիցս վախենում եմ»,- կատակել է Օբաման:
ԱՄՆ-ում մամուլում լայնորեն քննարկվում են քաղաքական գործիչների վատ սովորույթները: 2008 թ. քարոզարշավի ժամանակ, օրինակ, ասում էին, որ նախագահի պաշտոնում առաջադրված Օբաման ծխում է: Fox News հեռուստաալիքը նույնիսկ հեռուստադիտողների շրջանում հարցում էր կազմակերպել՝ արդյո՞ք նրանք պատրաստ են նախագահի պաշտոնում ընտրել ծխող մարդու:
Օբաման հանրությանը ծխախոտով չի ներկայացրել արդեն մի քանի տարի, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Հայրիկյանի արձագանքը երեկվա դատավճռին կասկածի տակ է դնում նրա դիսիդենտական անցյալը»’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը շրջում է կեղծամով և վախենում է իր կյանքի համար’