‘Օբաման կարող է Բաղդադին օգնել նաև առանց Կոնգրեսի հավանությունն ստանալու’

935

Իրաքի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին ավիահարված հասցնելու խնդրանքով: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիյար Զեբարին, որն այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում:

Թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի գործողությունները՝ առայժմ հայտնի չէ: Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության ներկայացուցիչները միայն ասել են, որ Բարաք Օբամայի նշած տարբերակների համար անհրաժեշտ չէ օրենսդիրների համաձայնությունը: Այդ համաձայնությունը նախագահին պետք կլինի ցամաքային գործողություններ անցկացնելու դեպքում, մինչդեռ Օբաման մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Իրաք և քննարկում է միայն իսլամիստների դիրքերին հրթիռային կամ ավիացիոն հարված հասցնելու տարբերակը:

Ի դեպ,  Էլ-Ռիադը հերքել է Բաղդադի այն մեղադրանքները, թե Սաուդյան Արաբիան աջակցում է սուննի գրոհայիններին, և ճգնաժամի պատասխանատվությունը դրել է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկիի վրա, որը, սուննիների խոսքով՝ ներկայացնում է բացառապես շիաների շահերը:

Իրաքում ստեղծված վիճակը դարձել է սաուդյան Ջիդդայում Իսլամական համադաշնության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման: Մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ հակամարտությունը սպառնում է վերաճելու լայնածավալ քաղաքացիական պատերազմի՝ ողջ տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Հայռուսգազարդը» ՀՀ-ին շահաբաժին չի վճարել․ գազային հանձնաժողովի բացահայտումները. Epress’
Հաջորդ հոդվածը’21-րդ դարի Եվրոպայի միապետները (ֆոտոշարք)’