‘Օբաման հայտարարում է Սիրիայում իսլամիստներին հարված հասցնելու մասին’

944

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ուղերձով դիմելու է ամերիկյան ժողովրդին, որում կհայտարարի առաջիկայում Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մտադրության մասին: Հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքներով՝ ամերիկացիների մեծ մասը պաշտպանում է այդ գործողությունները:

Ամերիկյան օրենքների համաձայն՝ նախագահն իրավունք ունի կարճատև ռազմական կամպանիա ծավալել արտասահմանում, եթե ամերիկյան քաղաքացիներին ուղղակի վտանգ է սպառնում: Ձևականորեն՝ Սիրիայում նման վտանգ առկա է. իսլամիստ-գրոհայինները Սիրիայի տարածքում ամերիկացի լրագրողների հրապարակային մահապատիժ իրականացրին, և վտանգ կա, որ դա կարող է կրկնվել:

Եթե Օբաման, այնուամենայնիվ, որոշի օգտվել իր իրավունքից և առանց կոնգրեսի թույլտվության՝ ռազմական գործողություն սկսել Սիրիայում, դրանք կլինեն Սիրիայի տարածքին հասցված առաջին հարվածները:

Ավելի վաղ ամերիկացիները ծրագրել էին ռմբակոծել Սիրիան, սակայն այդ ռմբակոծություններն ուղղված էին լինելու նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ուժերի դեմ՝ ի պատասխան նրանց կողմից քիմիական զենք կիրառելու:

Առայժմ հայտնի չէ՝ ինչպես կարձագանքի Սիրիայի ղեկավարությունը ամերիկյան ավիահարվածներին : Բանն այն է, որ «Իսլամական պետության» իսլամիստներն Ասադի թշնամիներն են, սակայն ԱՄՆ-ը հրաժարվում է սիրիական իշխանությունների հետ որևէ համատեղ գործողություններ վարելուց:

«Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. Սիրիայում ամերիկացիների դաշնակիցները նույն սուննի իսլամիստներն են, որոնց դեմ ամերիկացիներն այժմ կռվում են Իրաքում»,- նշել է Ռուսաստանի ԳԱ աշխատակից Գեորգի Միռսկին:

ԱՄՆ-ը ծրագրել է Սիրիայի տարածքում իսլամիստների դեմ ակցիային մասնակից դարձնել Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանադական հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու հարցով դիմել է ՄԻԵԴ ‘