‘Օբաման չի բացառում ԱՄՆ ռազմական գործողությունը Իրաքում’

754

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է զինված իսլամիստների դեմ  պայքարում Իրաքի կառավարությանն աջակցելու զանազան տարբերակներ, այդ թվում՝ ուղղակի ռազմական միջամտությունը:

«Մենք շահագրգռված ենք, որ ջիհադականները չկարողանան հիմնավորապես ամրանալ Իրաքում կամ Սիրիայում»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը  Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Օբամայի՝ Իրաքն այժմ Միացյալ Նահանգների կողմից լրացուցիչ աջակցության կարիք ունի: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին, Օբաման չի բացառում Իրաքում նպատակային հարվածներ հասցնել օդից, սակայն ցամաքային գործողությունների մասին՝ ամերիկյան զինվորականների մասնակցությամբ՝ խոսք չկա:  Օբաման խիստ մտահոգված է Իրաքում դեպքերի զարգացմամբ, որտեղ այս շաբաթ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողություն են հաստատել երկրի հյուսիսում՝ մի քանի քաղաքներում:

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Մոսուլում և Թիքրիթում գրոհայինների դիրքերին: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ի բացման օրը հինգ մարդ վիրավորվել է ոստիկանության հետ բախումներում’