‘Օբամա. Խորապես արժեւորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին’

834

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության 21-ամյակի առթիվ: Ըստ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ:

 Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տեւական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի: Ժողովրդավարությունը, բարեկեցությունը և խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ` մեր համագործակցությունը ներառում է նաև համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, և մենք խորապես արժևորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին:

Ամերիկան նաև մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ և այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաև մեր ժողովուրդների միջև եղած երկարամյա բարեկամական կապերը: Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարևոր տոնի առթիվ»: 

 

Նախորդ հոդվածը‘Մահմեդականները շարունակում են հակաամերիկյան եւ հակաֆրանսիական ցույցեր անցկացնել. Կան նոր զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Վ.Պուտին. Հայ-ռուսական համագործակցությունը ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունը ‘