‘Օբամա. Ուկրաինան և Սիրիան դուրս են գալիս Մոսկվայի ազդեցության տակից’

1111

«Թեպետ Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում է, նա շարունակում է իր պաշարները վատնել Ուկրաինայի և Սիրիայի վրա, երկրների, որոնք նրա աչքի առաջ դուրս են գալիս ռուսաստանյան ազդեցության ուղեծրից»,- Կոնգրեսին իր ամենամյա ուղերձում, որն ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջինն է, ասել է Բարաք Օբաման:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում Ամերիկայի համար գլխավոր սպառնալիքը ներկայացնում են ոչ այնքան «չարիքի կայսրությունները», որքան չկայացած պետությունները: Որպես օրինակ՝ նա, բացի Ռուսաստանից, նշել է Չինաստանը, որի տնտեսական խնդիրները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի տնտեսության վրա, և իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ, Օբամայի կարծիքով՝ սրվել են հազարամյա հակամարտությունները:

Ըստ Օբամայի՝ երբ խոսք է բացվում ցանկացած կարևոր միջազգային խնդրի մասին, ամբողջ աշխարհի մարդկությունը առաջնորդ փնտրելու համար հայացքն ուղղում է ոչ թե դեպի Պեկին կամ Մոսկվա, այլ Ամերիկա:

Իր ուղերձում Օբաման Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին նաև մի շարք կարևոր խնդիրներ է առաջադրել: Դրանց թվում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ հաղթանակը: Օբաման նշել է, որ դրա համար Կոնգրեսը պետք է հավանություն տա ամերիկյան զինված ուժերն արտասահմանում օգտագործելու ծրագրին, քանի որ առանց դրա՝ ահաբեկիչների դեմ պայքարում հաղթանակ տոնել հնարավոր չէ:

Բացի այդ, Օբաման կոչ է արել վերացնել կեսդարյա առևտրային էմբարգոն Կուբայի նկատմամբ, նաև ամերիկյան գիտնականների առջև խնդիր է դրել աշխարհում առաջինը հաղթահարել քաղցկեղը:

ԱՄՆ նախագահը Կոնգերսին ուղերձով դիմում է ամեն տարի: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’