‘Օբամա. Ռեյգանը կարողացավ լեզու գտնել ԽՍՀՄ-ի հետ, իսկ մենք կարող ենք ազդել Իրանի վրա’

870

ԱՄՆ Կոնգրեսում հանդես գալով ավանդական ուղերձով՝ Օբաման թվարկել է ամերիկյան դիվանագիտական հաջողությունները տարբեր ոլորտներում՝ այդպիսիք համարելով, մասնավորապես, պաշտոնական Դամասկոսին ընդդիմության հետ բանակցությունների սեղանի մոտ բերելը և Իրանի միջուկային ծրագրի կասեցումը: «Մինչ մենք այստեղ հավաքված ենք, Իրանն սկսել է ոչնչացնել հարստացված ուրանի իր պաշարները և հրաժարվել ժամանակակից ցենտրիֆուգերից: Աննախադեպ ստուգումները թույլ են տալիս՝ աշխարհը համոզվի, որ Իրանը ռումբ չի ստեղծում: Եւ մենք մեր դաշնակիցների  ու գործընկերների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի հաստատ իմանանք՝ կարո՞ղ ենք խաղաղ ճանապարհով հասնել մեր նպատակին և թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել»,- ասել է ԱՄՆ նախագահը: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ չի բացառում անհաջողությունը: «Բանակցությունները դժվար են լինելու: Դրանք կարող են և հաջողության չբերել: Մենք բացահայտ ասում ենք, որ Իրանն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսին «Հեզբոլլահն» է, ինչը սպառնում է մեր դաշնակիցներին: Եւ հնարավոր չէ անտեսել անվստահությունը: Բայց բանակցությունները վստահության վրա չեն հիմնված: Ցանկացած երկարաժամկետ պայմանավորվածություն պետք է հիմնված լինի ստուգումների վրա, որոնք  մեզ և միջազգային հանրությանը կհամոզեն, որ Իրանը միջուկային ռումբ չի ստեղծում»,- ասել է Օբաման և նշել, որ եթե իր նախորդները՝ Ջոն Քենեդին և Ռոնալդ Ռեյգանը, կարողացել են բանակցել Խարհրդային Միության հետ, ապա «ուժեղ և ինքնավստահ Ամերիկան» կարող է այսօր բանակցել «պակաս հզոր հակառակորդների հետ», փոխանցում է newsru.comn-ը:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը Արամ Ղարաբեկյանին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվել է մանկական և մայրական մահացության կրճատման միտում’