‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը ‘

1059

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։

Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել են ծրագրին, մասնակից են եղել՝ իրենց ձեռքը մեկնելով պատերազմի արդյունքում անասելի ողբերգություն ապրող սիրիահայ մեր հայրենակիցներին։

«Նախաձեռնությունն այս տարի էլ է շարունակելու իր գործունեությունը, ցավով եմ ասում, քանի որ պատերազմն ավարտվելու հեռանկար չի արձանագրում, և մեր հայրենակիցներն իրենց ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների առաջ են կանգնում, իսկ մենք պարզապես իրավունք չունենք լինել անտարբեր, փորձում ենք լինել զգոն, նոր ծրագրեր մշակել և շարունակել մեր եղբայրական օգնության տրամադրումը մեր հայրենակիցներին»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

Նրա խոսքով՝ քանի որ սիրիական ավիաուղիները դադարեցրել են չվերթները, ապա նախաձեռնությունը որդեգրելու է նյութական օգնություն ցուցաբերելու մարտավարություն:

«Բեռնափոխադրումները շատ ծանր գործընթաց են իրենցից ներկայացնում, այս պայմաններում՝ գրեթե անկարելի: Շարունակելու ենք Հայաստանում գտնվող սիրիահայերին օգնություն ցուցաբերել, որոշել ենք յուրաքանչյուր շաբաթ օր կուտակած պարենային օգնությունը շարունակել բաժանել Կոմիտասի փողոցում գտնվող «Արամ Մանուկյան» կենտրոնում:

Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ երեկ մինչև 8 տարեկան սիրիահայ երեխաներին նախաձեռնությունը նվիրել է թվով 300 ձմեռային բաճկոններ: Իսկ բաճկոնները նախաձեռնությանը նվիրաբերել էր մի բարերար:

Նախորդ հոդվածը‘Սփյուռքահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան իրավապաշտպանները հայտարարում են Ռուսաստանում իրավիճակի վատթարացման մասին’