‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա է ուղարկում երկրորդ փուլի հումանիտար օգնությունը ‘

955

Այսօր, հոկտեմբերի 23-ին, «Սիրիական ավիաուղիների» Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը: Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր աշխատանքները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Սիրիա տեղափոխվեց մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը` 14 տոննա պարեն։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում մինչև օրս կուտակվել է 45 տոննա պարենամթերք: Այդ մասին iLur.am-ը տեղեկանում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաղորդագրությունից:

«Նախաձեռնությանը արդեն միացել են նորանոր կազմակերպություններ`«Սիվիլիթաս» հիմնադրամը՝ փոխանցելով 3 մլն դրամ, «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը՝ 1 միլիոն դրամ, «Ավեստա» ընկերությունը՝ 100000 դրամ, Պռոշյանի գինու և կոնյակի գործարանը` 3000 տուփ բանջարեղենային պահածո։ Դրամական փոխանցումներ են եղել նաև մի շարք մտավորականների՝ դերասաններ Ազատ Գասպարյանի, Անդրանիկ Հարությունյանի, նկարիչ Հաղթանակ Շահումյանի, ֆրանսահայ գրող Մովսես Փչաքճյանի կողմից:

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ նախաձեռնությանն էին միացել ԼՂՀ «Գյուղի և գյուղաջակցության հիմնադրամը», «Ալեքս Գրիգ», «Արտֆուդ», «Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Սաս գրուպ», «Գրանդ հոլդինգ», «Միկ մետալ», «Պրոտոն», «Իզոտոպ Դելտա», «Հայռուսգազարդ», «Արմսվիսբանկ», «Հարվալ Մաշինարի» ընկերությունները, «Նուշիկյան ասոցիացիան», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Վիվասել-Մտս» ընկերությունը, Երևանի 19-րդ ամբուլատորիան, «Սեբաստիա» բժշկական կենտրոնները, «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոնի աշխատակիցները, ԱԺ «Հանրապետական», «Օրինաց երկիր» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում շարունակվում է նաև Վիվասել-Մտս-ի կապի ծառայության ցանցում sms նվիրատվության ակցիան, որի մեկնարկից դեռ մեկ շաբաթ է անցել, բայց արդեն շուրջ 6300 բաժանորդ իր ներդրումն է արել ազգային տուրքին։

Այժմ նախաձեռնության կողմից իրականացվում են նաև աշխատանքներ Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք իրենց շատ կարևոր ներդրումն են բերում հակամարտության արդյունքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին», — ասված է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տարածաց հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդինյո. Մենք «Չելսիին» կհաղթենք երկու խաղերում’
Հաջորդ հոդվածը‘Իրանը մտադիր է լրիվ դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառվեն ‘