‘Օդեսայի հայ համայնքն անհանգստացած է ‘

1194

Օդեսայի հայ համայնքն անհանգստացած է Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը  ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: «Չնայած այն հանգամանքին, որ Օդեսայում հանգիստ է, երկրում սրընթաց զարգացող իրադարձությունները, ինչպես նաև մարտի 16-ին Ղրիմում նախատեսվող հանրաքվեն լրջորեն մտահոգել են մեր համայնքի ներկայացուցիչներին, քանի որ մարդիկ հասցրել են  հաստատվել, որոշ ընտանիքներ Օդեսայում են արդեն մի քանի տասնյակ տարի և չեն ցանկանում կորցնել իրենց կարգավիճակն ու գույքը», — նշել է Տիգրանյանը: Հիշեցնենք, որ մարտի 16-ի հանրաքվեի ընթացքում Ղրիմի ինքնավարության բնակիչներն ընտրություն պետք է կատարեն Ռուսաստանի կազմում ընդգրկվելու կամ լայն ինքնավարության պայմաններով Ուկրաինայի կազմում լինելու միջև:

Տիգրանյանի հավաստմամբ, այս պահին հայկական համայնքում կա շուրջ 40 հազար մարդ, և հիմնական մասը բավականին ապահով մարդիկ են, որոնք իրենց ունակությունները կիրառում են քաղաքի կյանքի շատ ոլորտներում: «Սակայն մենք ունենք մտավախություն, որ անկարգությունները կարող են հասնել Օդեսա: Հաշվի առնելով այդ վտանգը` մի քանի ընտանիք արդեն արտագաղթել է երկրից», — եզրափակել է համայնքի ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն այս ամիս պետք է ավարտվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Դերասանի ցավակցական խոսքը դատավորը ընդհատեց ‘