‘Օդերևութաբանը կանխատեսում է տաք և տեղումնառատ մարտ’

1013

Հայաստանում մարտին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի, իսկ տեղումների քանակն էլ` նորմայից շատ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը ներկայացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մինչև մարտի 7-ը հանրապետությունում տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի և օդի ջերմային ֆոնը կպահպանվի: Մարտի 4-ի երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում են տեղումներ, մարտի 5-6-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-ին, 9-ին և 10-ին հանրապետությունը կրկին կգտնվի հարավ-արևմտյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, և ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ: Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով»,- Գագիկ Սուրենյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:

Նրա խոսքով` այս տարվա հենց սկզբից եղանակային պայմանները աչքի են ընկել ծայրահեղ տատանումներով, որոնց հետևանքով գրանցվեցին չափազանց ցուրտ և նորմայից բարձր ջերմաստիճաններ: «Մենք ականատես եղանք շատ ցուրտ ժամանակահատվածի, իսկ փետրվարի երկրորդ կեսից գրանցվեց անոմալ տաք եղանակ: Փետրվարի 10-ից մինչ օրս Հայաստանը անդադար գտնվել է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ներքո, որի պատճառով ջերմաստիճանը 6-10 աստիճանով բարձր է եղել նորմայից»,-ասաց Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ մարտի առաջին օրերին ևս Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ: «Մարտի 3-ին Արարատյան դաշտում դիտվել է 19 աստիճան տաքություն, որը գերազանցել է 2002-ի  ռեկորդային չափը, այսինքն` օդերևութաբանական պատմության մեջ երեկ եղել է մարտի ամենատաք օրերից մեկը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` տաք օդի ներհոսքը շարունակվում է, հատկապես բարձր ջերմաստիճաններ են գրանցվում Սյունիքի հովիտներում` 22-23 աստիճան, Արարատյան դաշտում օդը տաքանում է մինչև 18-20 աստիճան: «Բարձր օդային ֆոնով պայմանավորված` Սյունիքի, Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում ծիրանենու մոտ նկատվում է հյութաշարժություն, բողբոջների ուռչում, որը 15-20 օր շուտ է միջին ժամկետից»,-ասաց Գագիկ Սուրենյանը` նշելով, որ այդպիսով մեծանում է ծառերի ցրտահարության վտանգը, բայց դա չի նշանակում, որ ցրտահարություն է սպասվում:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը կքննի «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբանի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘Հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհը’