‘Օզբիլիսը «Սպարտակում». արձագանքներ տեղափոխության վերաբերյալ’

1381

Երեկ երեկոյան, երբ Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարեց  Օզբիլիսի տրանսֆերի մասին, իսկ այսօր արդեն խաղացողը 20 րոպե անցկացրեց Վալերի Կարպինի թիմում: Տրանսֆերի գումարը, տարբեր աղբյուրների համաձայն, կազմել է 6-ից 10 մլն €, իսկ խաղացողի աշխատավարձը՝ տարեկան 1.5 մլն €: Մինչ տրանսֆերի հաստատումը շատերը արդեն հասցրել էին կարծիք հայտնել Արասի, «Սպարտակի» կամ հենց գործարքի վերաբերյալ: Առանձնացրել ենք ամենահետաքրքիրները:

«Ես Օզբիլիսի իրավունքների կեսը, որոնք պատկանում են ինձ, փոխանցել եմ Մոսկվայի «Դինամոյին»: Բոլոր փաստաթղթերը փոխանցել եմ Բորիս Ռոտեբերգին և Գուրամ Աջոևին: Եթե «Դինամոն» և «Սպարտակը» մինչ իրար դեմ հանդիպումը ընդհանուր լեզու գտնեն, գործը չի հասնի դատարան: Հակառակ դեպքում «Դինամոն» կարող է բողոքարկել գործարքը, եթե «Սպարտակը» փաստաթղթերում այլ՝ ավելի ցածր գումար նշի (երևի թե այստեղից է 6-ից 10 մլն տարբերությունը լրատվամիջոցներում)», —  հայտարարել է ֆուտբոլիստի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը, ով նախկինում խոսում էր այն մասին, որ Արասը «Սպարտակին» անհրաժեշտ ֆուտբոլիստ չէ, ինչպես և Յուրա Մովսիսյանը:

Իսկ Մոսկվայի «Դինամոյի» փոխնախագահ Գենադի Սոլովյովը, անդրադառնալով Սելյուկի հայտարարություններին, ասել է: «Մենք ի սկզբանե չենք դիտարկել այդ խաղացողին ձեռք բերելու տարբերակը: Որևէ մեկի հետ նրա վերաբերյալ բանակցություններ չենք վարել, և այն մասին, որ Սելյուկը խաղացողի տրանսֆերի՝ իրեն պատկանող մասնաբաժինը վաճառել է մեր թիմին, ես ոչինչ չեմ լսել»:

«Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբիձեն ևս հերքել Սելյուկի խոսքերը, նշելով որ չի պատրաստվում մեկնաբանել այն անձանց խոսքերը, ովքեր կապ չունեն ֆուտբոլիստի հետ: «Արասի տրանսֆերը ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենահետաքրքիր գործարքներից էր իմ պրակտիկայում: Պայմանագիրը կնքված է և ֆուտբոլիստը հայտավորված է առաջիկա խաղին»:

Ամեն դեպքում, չնայած Սելյուկի սպառնալիքներին, ինչպես արդեն նշեցինք, Արասը այսօր արդեն խաղաց «Սպարտակի» կազմում: Մոսկովյան թիմում կարծես թե անհանգիստ չեն, բայց վերհիշելով Սելյուկի նախկին հաշիվները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայ ֆուտբոլիստների հետ, կարելի է կանխատեսել, որ ֆուտբոլային ամենասկանդալային գործակալներից մեկը կփորձի առավելագույնս վնասել իր նախկին հաճախորդին:

Օզբիլիսի՝ «Սպարտակ» տեղափոխության վերաբերյալ կարծիք են հայտնել նաև բազմաթիվ ֆուտբոլիստներ, ռուս մեկնաբաններ և վերլուծաբաններ: Այսպես օրինակ, Արասի արդեն նախկին խաղընկեր, Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն «Զենիթի» հետ 1-1 ավարտված խաղից հետո ասել է: «Օզբիլիսը շատ լավ խաղացող է և իմ ընկերն է: «Ես տխրեցի, երբ իմացա նրա՝ մերը թիմը լքելու մասին, բայց մենք պետք է մոռանանք դա և փորձենք լավ հանդես գալ առանց նրա: Ազդե՞ց արդյոք նրա բացակայությունը այսօր մեր խաղի վրա: Իհարկե. նա բարձրակարգ խաղացող է, ով կարող է փոխել խաղի ընթացքը»:

Ռուսական «НТВ-Плюс-ի» մեկնաբան Գեորգի Չերդանցևն էլ կարծում է, որ Օզբիլիսի՝ «Սպարտակում» հայտնվելը նշանակում է որ շուտով թիմից կհեռանա Էյդեն Մակգիդին: Չերդանցևը նաև կարծիք է հայտնել Մովսիսյան-Օզբիլիս զույգի մասին: «Տղաները իրար հետ են խաղում նաև ազգային հավաքականում, բայց ես մի փոքր կասկածամիտ եմ թիմում Մովսիսյանի ապագայի վերաբերյալ: Յուրան լավ հարձակվող է, բայց ոչ «Սպարտակի» համար:

«НТВ-Плюс-ի» մեկ այլ մեկնաբան՝ Վասիլի Ուտկինն էլ իր բլոգում գրել է հետևյալը. «Իմ կարծիքով, Օզբիլիսը առաջին հերթին վառ խաղացող է՝ հիշվող: Նա նման է վառ խաղալիքի, որը երեխան տեսնելով ծնողներից պահանջում է, որ այն գնեն իր համար: Նա փայլուն, անհասկանալի և խենթ հարված ունի: Իսկ բացի դրանից, նա պարզապես սովորական ոչ վատ խաղացող է և ես չեմ հասկանում, թե «Սպարտակի» կարգի թոփ-ակումբի ինչին է նա պետք»:

Բայց ամենակարևորը, որ Օզբիլիսի՝ թիմում անցկացրած առաջին 20 րոպեներից գոհ է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, ով առանձնացրել է նրա խաղը պաշտպանվելիս և առանձնացրել Օզբիլիսի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ փոխվարչապետը կարեւորել է Արաքսի ափամերձ շրջանների զարգացման անհրաժեշտությունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը եւ Չինաստանը պայմանավորվել են արեւային մարտկոցների գնի շուրջ’