‘Օզբիլիսի ինքնագոլը, Պիցելիի գոլը եւ Բերեզովսկու անգործության հետեւանքները’

883

Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող հայ լեգեոներների մասնակցությամբ հանդիպումները շատ հաջող ընթացք ունեցան, ավարտվեցին խոշոր հաղթանակներով:

Նախ, առաջնության 17-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» ընդունեց Սամարայի  «Կռիլյա Սովետովին»: «Կուբանը», որ վերջին տուրերում բավական տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս, այս անգամ էլ համոզիչ հաղթանակ տարավ` 4:1: Բոլոր գոլերն էլ խփեցին… «Կուբանի» խաղացողները, որոնցից մեկը սակայն Արազ Օզբիլիսը 64-րդ րոպեին սեփական դարպասը խփեց: Այդ չարաբաստիկ դրվագից անմիջապես հետո Օզբիլիսին փոխարինեց Մարկոս Պիցելին, որն էլ 5 րոպե անց 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ:

Հանդիպման իսկական հերոսը դարձավ «Կուբանի» բուլղարացի լեգեոներ Իվելին Պոպովը, որը դարձավ 2 գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, եւ վաստակեց 11 մետրանոց:

Այս հաղթանակից հետո «Կուբանը» բարձրացավ 4-րդ տեղ եւ դեռ ավելի բարձր տեղերի համար պայքարելու հիանալի հնարավորություններ ունի:

Ռուսաստանի առաջնության մյուս հանդիպումը` «Սպարտակ» — «Դինամո», առայժմ վերջին ժամերի գլխավոր իրադարձությունն է: Վերելքի ճանապարհը բռնած դինամոյականները 5:1 հաշվով նոկդաունի ենթարկեցին ոչ միայն «Սպարտակին», այլ նաեւ նրա մարզիչ Ունաի Էմերիին, որը մրցավարի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո պաշտոնանկ եղավ: Նոր մարզիչի պարտականությունները մինչեւ տարվա վերջ կկատարի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը:

Ինչ վերաբերվում է Ռոման Բերեզեվսկուն, որը Շունինի բացակայությամբ պաշտպանում էր «Դինամոյի» դարպասը, ապա նա միայն խաղավերջում գոլ բաց թողեց, իսկ խաղից հետո էլ խոստովանեց, որ հանդիպման ընթացքում իր միակ նպատակը անգործությունից չմրսելն էր, այնքան անատամ էր «Սպարտակը» առջեւի գծում եւ այնքան ցուրտ եղանակ էր` -5 աստիճան:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Կուբան» — «Կռիլյա Սովետով»` 4:1

Բալդե` 18, Պոպով` 20, 79, Պիցելի` 71 (11մ) – Օզբիլիս` 64 (ինքնագոլ)

«Սպարտակ» — «Դինամո»` 1:5

Ձյուբա` 90+2 – Կոկորին` 16, 45, Նոբոա` 18, Իգոր Սեմշով` 79 , 88 

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանական ընտրություններից հետո Կատալոնիան կարող է անջատվել Իսպանիայից’
Հաջորդ հոդվածը‘Որպես նախագահի պոտենցիալ թեկնածու՝ ԶԼՄ-ներում ամենից հաճախ հիշատակվում է Սերժ Սարգսյանի անունը’