‘Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները ցանկացել են փակել Երևան-Վանաձոր ճանապարհը. «ՀԺ»’

2049

iLur.am-ը արդեն անդրադարձել է Օհանավան և Կարբի գյուղերի բնակիչները խնդրին, որոնք մի քանի օր առաջ հայտնաբերել էին, որ  իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ է կառուցվում: Ըստ շրջող խոսակցությունների`՝ ՀԷԿ-ը կառուցում  է Սերժ Սարգսյանի տխրահռչակ եղբայր Սաշիկ Սարգսյանը: Բնակիչներն ասում էին, որ եթե իրենց հարցը չլուծվի, մարտի 1-ին մեկ մարդու նման գալու են Երևան՝ հանրահավաքի: Բայց մինչև հանրահավաքը, բնակիչները երեկ մտադրություն են ունեցել փակել Երևան-Վանաձոր ճանապարհը: «ՀԺ»-ն այս առիթով գրում է.

«Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները ցանկացել են փակել Երևան-Վանաձոր ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ կառուցելու հետ։

Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ը Ապարանի ջրամբարից այնքան ջուր է վերցնելու, որ իրենց խնձորի այգիները ոռոգելու համար ջուր չի մնալու։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին հաջողվել է կանխել երեկվա ակցիան։ Խոսք է գնում, որ ՀԷԿ կառուցողը Սաշիկ Սարգսյանն է։

Օհանավանի ավագանու անդամ Զորիկ Հայրապետյանը «Հժ»-ին պատմել է. որ «ԳԱՀԱ էներջին» խոստացել է գյուղի համար ծրագրեր իրականացնել, իսկ ավագանին տվել է իր համաձայնությունը համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել։

Ստացվում է, որ ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր է վերցնելու։ «Սպասվում է, որ այսօր Կարբիի և Օհանավանի զայրացած բնակիչների «խաթրն առնելու» են. գնալու բարձրաստիճան պաշտոնյաներ»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները խուզարկել են ակտիվիստի բնակարանը (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Իսկ Հայաստանը ճանաչու՞մ է Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը. «168 ժամ»’