‘Օմբուդսմենը՝ ոստիկանապետին. Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ վարքը’

1260

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ստանալու նրա պարզաբանումները վերջին օրերին Կոմիտասի 5 հասցեում ցուցարարների հետ ոստիկանության բախումների ընթացքում նկատված մի շարք դրվագների վերաբերյալ:

 «2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:

 

Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15) ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես.

  • Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում միաժամանակ մի քանի Ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը (Տե’ս տեսագրություն` 08:38 — 09:15; 24:14 — 24:55);
  • Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող, անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունք, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (Տե’ս տեսագրություն` 02:30 — 02:45, 27:38 — 27:48);
  • Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ոստիկանոթյան առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տե’ս տեսագրություն` 15:12 — 15:50);
  • Արդյո՞ք պարզաբանվել են ակցիային մասնակցող անձանց իրավունքները` վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09  բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: օրինակ` ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելը;
  • Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ծառայողական մեքենան վարելը այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները մեքենայի առջևում էին և փողոցը մարդաշատ էր (Տե’ս տեսագրություն` 19:45 — 20:20);
  • Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության ծառայողի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվության օրինականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` հաշվի առնելով ոստիկանության ծառայության անկողմնակալության սկզբունքը (Տե’ս տեսագրություն` 33:09 — 33:39);
  • Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության մի շարք ծառայողների կողմից քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների թույլ տրված խախտումները, մասնավորապես` անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը (Տե’ս տեսագրություն` 21:04 — 21:53):

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դիմումատուների շահերը, ինչպես նաև ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ 5-օրյա ժամկետում ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, մասնավորապես` հստակեցնելով դրանց իրավաչափությունը, հետապանդվող նպատակը և թե ինչ միջոցներ են ձեռնարկվել և/կամ ձեռնարվելու օրինախախտ Ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

 

 

Նախորդ հոդվածը‘Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին’