‘Օմբուդսմենը առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում’

848


Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ  20 միլիարդ  ՀՀ դրամ: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են Պաշտպանի լրատվական ծառայությունից:

«Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը մեկ անգամ ևս շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ և գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքները: Մասնավորապես՝ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղի ու խնամքի խնդիրների լուծման համար և քրեակատարողական հիմնարկները համալրել թեքահարթակներով, անվասայլակներով և այլն», — ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ի թիվս այլ առաջարկների, Պաշտպանը բարձրացրել է նաև ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ:

 

Նախորդ հոդվածը‘Մոլորակի ամենատարեց տղամարդը 112-ամյա ամերիկացին է’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես է կառավարությունը խթանելու ծնելիությունը 18-20 տարեկան կանանց շրջանում’