‘Օմբուդսմենը լրջորեն անհանգստացած է Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպով’

1304

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել երեկ Ոստիկանության բաժանմունքում լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանություն բերման ենթարկված լրագրողին է մոտեցել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը, ապտակել է Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Անդրեասյանի հայտարարությունում ասվում է.

«Մենք լրջորեն անհանգստացած ենք «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:

Նշենք նաեւ, որ Անի Գեւորգյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, ոստիկանության կենտրոնի բաժնում երեկ նրանից առգրավել են ոչ միայն տեսախցիկը, այլև հիշողության երեք քարտերը (չիպեր)։ Դրանք վերադարձնելուց հետո լրագրողը պարզել է, որ քարտերը դատարկ են։ Անի Գեւորգյանը նշել է, որ փորձում է վերականգնել քարտերում եղած տեղեկատվությունը։


Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նոր ռեկորդ է գրանցել. ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը դատապարտում է լրագրողի դեմ ոստիկանների բռնությունը’