‘Օմբուդսմենը խստորեն դատապարտում է քաղաքական գործիչների նկատմամբ ոտնձգությունները ‘

1084

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտում է ոտնձգությունները քաղաքական գործիչների՝ նկատմամբ:

«Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով», — Ֆեյսբուքի իր էջում գրել  օմբուդսմենը:

Նա տեղեկացնում է, որ Սուրեն Սարգսյանի դեպքի օրը ՄԻՊ տեղակալը հանդիպել է Սարգսյանին, իսկ երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, Անդրեասյանի ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր:

«Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:

Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են», — նշում է Անդրեասյանն իր հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: «Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները», — ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը խախտել է հրադադարն ու ըստ ՊՆ խոսնակի՝ զոհեր տվել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Շատ շուտով անցնելու ենք վճռական գործողությունների’