‘Օմբուդսմենի խորհրդական. Ակտիվիստներին բերման են ենթարկել, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար’

886

Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը  քիչ առաջ  ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են  տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված  «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Արմեն  Գրիգորյանը  և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը  շտապ մեկնել են բաժին:  Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար  և չեն բացատրել իրենց իրավունքները:

Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան՝ ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն:

Այս ողջ ընթացքում քաղաքային տրանսպորտի թանկացումների  խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և բոլոր գործողություններին ու պարզաբանումներին  առաջիկայում  կտրվեն համապատասխան գնահատականներ:

 

Նախորդ հոդվածը‘Մեկ հոգի ազատ արձակվեց. Սպասում են մյուսներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության մոտ է Արամ Մանուկյանը. Տեսանյութ’