‘Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը ‘

776

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:  

ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր  ամրագրում են յուրաքանչյուր անձի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը պետության կողմից:

Չնայած որ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված՝ ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները կարող են ստանալ ուսման վճարի զեղչ, այս արտոնությունը գործում է միայն երկրորդ կիսամյակից, մինչդեռ առաջին կուրսի ուսանողը ստիպված է լինում վճարել առաջին կիսամյակի վարձը ուսումնական տարվա սկզբում:

Օմբուդսմենը բազմիցս առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը:

 

Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների` որպես ուսանող հրամանագրումը, չպետք է կախվածության մեջ դրվի ուսման վարձի վճարման հանգամանքից: Հետևաբար, վարձի վճարման հետաձգումը անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը բոլոր անձանց համար մատչելի դարձնելու համար:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շուշանի համախտանիշ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը սատարելու է «Ժառանգության» թեկնածուին ‘