‘Օմբուդսմեն. Ազատազրկման վայրերում ամենամեծ պրոբլեմը գերբնակեցումն է’

909

Ազատազրկման վայրերում ամենամեծ պրոբլեմը գերբնակեցումն է, խոսվում է, որ խնդիրը մոտ է լուծմանը, բայց այն պահպանվում է: Այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այսօր դեսպանը և ՄԻՊ-ը այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Անդրեասյանը պատմեց, որ իրենց այցելության ժամանակ ազատազրկվածները տասնվեց հոգով քնում էին տասներկու հոգու համար նախատեսված բանտախցում: Նրանցից մի քանիսն էլ այդ պահին քնած էին, քանի որ իրենց քնելու հերթն էր: Պաշտպանը փոխանցեց ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփանի ուղերձը:

«Ասաց, որ ցմահ դատապարտվածների դեպքում այսպես երկար շարունակվել չի կարող, ու կարող է մի օր պայթել: Կա հատուկ անտարբերություն ու անարդարություն հասարակության ու առանձին քաղաքական ուժերի կողմից, որոնք չեն գիտակցում, որ կարող են տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղերում հայտնվել: Կարծում են՝ դա իրենց ու իրենց հարազատին երբեք չի սպառնում: Բայց դատական համակարգի անկատարության պայմաններում ճաղերից այն կողմ կարող է հայտնվել յուրաքանչյուրը»,- նշեց Անդրեասյանը:

Դեսպան Քեթրին Լիչն էլ նշեց, որ բոլոր ազգերը պարտավոր են հետևել, թե որոշ հաստատություններում ինչպես են վերաբերվում մարդկանց, և քաղաքակիրթ  հասարակությունները դրա միջոցով են ցույց տալիս՝ ինչքանով են քաղաքակիրթ:

«Սա մի խնդիր է, որի հանդեպ կրքոտ մտահոգություն կա բրիտանական հասարակության մոտ: Հուրախություն մեզ՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է խոշտանգումների դեմ կոնվենցիան: Այս արձանագրությունը հնարավորություն է տալիս անկախ մարմիններին այցելելու նման հաստատություններ: Թեև առանցքայինն այս մեխանիզմերում այն է, որ խոցելի խմբերի պաշտպանություն լինի, բայց դա նաև այն մարդկանց համար է, ովքեր աշխատում են նման հաստատություններում: Իրենք նաև այն մարդիկ են, ովքեր կարող են հուշել՝ ինչպես ու ինչը կարելի է բարեփոխել»,- ասաց դեսպանը:

Նա կիսեց նաև քրեակատարողական հիմնարկ կատարած այցի տպավորությունները՝ նշելով, որ շենքը սովետական, թշվառ շենք էր, որտեղ շարժվելու, քայլելու տեղ գրեթե չկա: Մյուս խնդիրը, ըստ դեսպանի, դատապարտման միջոցներն են: Ըստ նրա՝ այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը հրաշալի լուծում կլիներ:

«Հանցանքից կախված՝ գուցե չարժե այդ մարդուն բանտում պահել: Մեր նախարարներից մեկը շատ ճիշտ նշել էր, որ բանտը շատ թանկ միջոց է վատ մարդուն ավելի վատը դարձնելու համար: Ուրախ էի լսել, որ ազատազրկվածներն ինչ-որ բան սովորելու հնարավորություն ունեն: Ամեն դեպքում, նրանք ամբողջ օրն այդ փոքրիկ բանտախցում են անցկացնում»,- պատմեց Քեթրին Լիչը:

Ի դեպ, ՄԻՊ-ը հիշեցրեց, որ 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ խնդրել էր 11 միլիոն դրամ հատկացնել, որ ինտենսիվացնեն այցելությունները բանտեր, փակ հաստատություններ, որտեղ կա խոշտանգման վտանգ, սակայն մերժում ստացան, և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջարկեց իր աջակցությունը, և այդ գումարի միջոցով ՄԻՊ-ի աշխատակիցներն ու մի շարք հասարակական կազմակերպություններ մոնիթորինգային այցեր են իրականացնում:  Ըստ Կարեն Անդրեասյանի՝ դեսպանատան տրամադրած աջակցությունը կբավարարի կես տարվա համար, ինչից հետո ինքը չի կատարի օրենքով նախատեսված իր պարտականությունները:

 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ չէ’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսի Կուբանը ձեռք է բերել Ջիբրիլ Սիսեին’