‘Օմբուդսմեն. Հրաչյա Հարությունյանը եւս մեկ փաստաբան կունենա’

851

Հրաչյա Հարությունյանի փաստաբանների թիմին կավելանա եւս մեկը՝ ՌԴ-ում հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  Հաղորդում է News.am-ը: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայից վերադարձել էր  հուլիսի 23-ի առավոտյան, այնտեղ նա մի շարք հանդիպումներ էր ունեցել Հրաչյա Հարությունյանի գործի հետ կապված:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի՝ Ռուբեն Մարգարյանին հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միությանը: ՌՀՄ-ն իր վրա է վերցնում նաեւ փաստաբանի ֆինանսավորումը:  Կարեն Անդրեասյանը խոստովանել է, որ մինչ այդ ստեղծված իրավիճակը որոշակի անհանգստություն էր առաջացրել Հարությունյանի իրավունքների պաշտպանության մարտավարության առումով՝ հաշվի առնելով, որ Հարությունյանն արդեն ունի երեք փաստաբան: «Կարծում եմ, որ Ռուբեն Մարգարյանը կգլխավորի փաստաբանների թիմը, եւ նրանց համատեղ գործողությունները կդառնան ամբաստանյալի իրավունքների հաջող պաշտպանության գրավական», — նշել է Կարեն Անդրեասյանը:

Պատասխանելով արտահանձնման հնարավորության  մասին հարցին՝ մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ այն հնարավոր է միայն դատավճիռը կայացնելուց հետո, իսկ մինչ այդ դրա մասին խոսելը վաղ է: «Այժմ պետք է խոսել արդար դատավարություն ապահովելու մասին», — հիշեցրել է մարդու իրավունքների պաշտպանը:

Նոր Մոսկվայի պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող բեռնատարը Օզնոբիշինո գյուղի մերձակայքում մեծ արագությամբ բախվել էր ուղեւորատար ավտոբուսին՝ ճեղքելով այն: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը փորձում է խուսանավել հարվածից եւ կտրուկ շրջում է ղեկը: Այդ մանեւրի արդյունքում բեռնատարը բախվում է ավտոբուսին: «ԿամԱԶ»-ը երկու մասի է բաժանվում, եւ ուղեւորների վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհ է դարձել 18 մարդ, տասնյակները հիվանդանոցում են:

  

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Սենսացիա. ՀՀԿ փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ’