‘Օմնիա Վանիտաս. Տաղ մեղայական’

1635

Բլոգեր Օմնիա Վանիտասը իր բլոգում հերթական անգամ արձագանքել է ներքաղաքական կարեւորագույն իրադարձություններից մեկին: Այս անգամ նրա գրական անդրադարձի թիրախը՝ գործարար Աշոտ Սուքիասյանի բաց նամակն է, որտեղ վերջինս հայտարարում է, թե ինքն է առանց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի իմացության նրանց անուններով ընկերություն բացել Կիպրոսում:

 

 

 

 

Իմ խիղճը տանջահար՝ նամակ ինձ թելադրեց,
Իմ մեղավոր ձեռքով գրիչ ես վերցրեցի,
Կապտաթանաք գիրս մեղքերս թվարկեց.
Հանցանքներն իմ ստոր թղթին ես հանձնեցի…

***

«Գլխավոր դատախազ մեծարգո,
Առաքում եմ ցուցակն այս լայն՝
Մահացու մեղքերի իմ հոգու։
Թերթերում տարածեք դուք այն…

Ես սպանել եմ Ռոբերտ Քենեդուն,
Կիպրոսում հինգ օֆշոր եմ բացել,
Օրթախիս՝ մորքուրիս մարդուն,
Իմ արև, ոչ մի բան չեմ ասել։

Ես կերելն եմ մազութը ամբողջ։
Դե, այսինքն, թուրքին եմ ծախել։
Իսկ հետո էդ փողերն անխոնջ
Ղումարին ու սեքսին եմ մսխել։

Մնացած մի տասնյակ միլիոնով
Ներդրում եմ էդտեղ կատարել.
Անտեղյակ շեֆերի անունով
Դղյակներ եմ շինել, նվիրել։

Եվ էդ ես եմ մարտին կրակել
Բողոքող ամբոխի ուղղությամբ։
Նաև ես եմ Րաֆֆուն համոզել,
Որ շարժումը խեղդի բարությամբ։

Պետական պարտքն եմ ես կուտակել,
Ու ծախել եմ հանքերը ոսկու, 
Եվ ոսկու պաշարը պարտակել…
Ա՜խ, ինչ շատ են մեղքերն իմ հոգու։

Հեքիմին նախարար եմ դրել
Կրթական ոլորտի՝ արար,
Բեռնակրին ես դիմպլոմ եմ տվել,
Իսկ հետո դարձրել նախարար։

Էդ հենց ես եմ ընտրություն կեղծել.
Լցոնել եմ, ծեծել, վախեցրել։
Բազմաթիվ ֆեյքեր եմ վարձել,
Սոցցանցերը էդպես յուրացրել։

Պատրաստել եմ գնդակ արույրից,
Ու զենքով էն էպոս գրողի
Կրակել եմ ուսին Պարույրի,
Նվիրել կաֆել խփողին։

Էս երկրի պրոբլեմները բոլոր,
Մի խոսքով՝ մենակ ես եմ ստեղծել։
Արարքով իմ անխիղճ ու ստոր
Լավ մարդկանց անուններն եմ պղծել։

Մեծարգո՛ դատախազ գլխավոր,
Տարածե՛ք իմ նամակն անկեղծ.
Թող գիտնա հայությունը մոլոր
Որ արդար են օրթախներն իմ մեծ…»

Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/73466.html

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի աներձագ. Խորհուրդ չեմ տա ուրիշի փողերը հաշվել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց պաշտոնական ատկատը’