‘Օպերլիազորները հերքում են, որ ձերբակալվածի նկատմամբ բռնություն են կիրառել’

844

Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ գործով ամբաստանյալներ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորներն այսօր հերքել են իրենց առաջադրված մեղադրանքը, հայտնում է Փաստինֆոն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոնականի բաժնի օպելիազորներ Խաչիկ Բախբուդարյանն ու Արտակ Բարսեղյանը հայտարարեցին, որ գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, և որ իրենց գործողությունները եղել են իրավաչափ:

Այսպես, ըստ օպերլիազորների, 2012թ. հոկտեմբերի 4-ին՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության բաժին են բերման ենթարկել գողությունների մեջ կասկածվող, նախկինում դատապարտված, սույն գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանին` ընկերների հետ միասին: Օպերլիազորները նշեցին, որ Ռ.Հովսեփյանը փախչում էր, չէր ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, ուստի ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառել: Հետապնդման ընթացքում «իներցիայով տուժողը վայր ընկավ, մենք էլ՝ նրա հետ»: Երբ տուժողը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց, նրա դեմքը կարմրատակած էր:

Օպերլիազորները բացառեցին ոստիկանության բաժնում որևէ բռնության հնարավորությունը՝ ողջ բաժնի տարածքում՝ ներառյալ միջանցքներում տեսախցիկներ են տեղադրված, որոնք տեսաձայնագրում են ամեն ինչ, և ՀՀ ոստիկանապետն անձամբ պարբերաբար օնլայն հետևում է իր ենթակաների գործողություններին: Ամբաստանյալները հերքեցին տուժողի հայտարարությունն առ այն, թե ոստիկանները ոստիկանության բաժին էին հրավիրել արվամոլների, նրանց կողմից տուժողին «փչացնելու» սպառնալիքի միջոցով փորձում էին իրենից ցուցմունք կորզել: «Տեսախցիկները հստակ ցույց են տալիս օրվա ու գիշերվա որ ժամն է, ծեծ ու արվամոլներ եղել են, թե ոչ»,- ասաց Արտակ Բարսեղյանը:

Ըստ Խաչիկ Բախբուդարյանի՝ տուժողն իր կամքով է խոստովանական ցուցմունքներ տվել, ընդ որում՝ պատմել է նաև մի գողության մասին, որը ոստիկանության կողմից արձանագրված չի եղել:

Ձերբակալվածների պահման վայրում, որտեղ տուժողը ինքնավնասման փորձ էր արել, օպերլիազորները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության երեք աշխատակիցների, որոնց հարցին, թե արդյոք իրենք՝ գործով ամբաստանյալներն են տուժողին ծեծի ենթարկել՝ վերջինս բացասական պատասխան է տվել: Խ.Բախբուդարյանը հայտարարեց, որ ինքը միշտ պաշտպանել է հասարակության ու ժողովրդի շահերը, իսկ մինչ ոստիկանությունում ծառայության անցնելը որպես ըմբիշ բարձր է պահել Հայաստանի մարզական պատիվը, այդ թվում՝ «իմ թշնամի երկրում»:

Ամբաստանյալների ցուցմունքներից հետո նրանց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պնդեց իր միջնորդությունը շուրջ 10 լրացուցիչ վկաների դատակոչելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը քիչ անց կհրապարակվի:

Նախորդ հոդվածը‘Իրանում աճել է թմրամոլ կանանց թիվը’
Հաջորդ հոդվածը‘2 մլն դրամ՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի համար’