‘Օսիպյանի եղբորորդին հետախուզվում է, ոստիկանը միջոցներ է ձեռնարկում ազգականին փրկելու համար’

2071

Հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ  22-ամյա Վանուշ Ալեքսանյանին, որը զրկվել է փայծախից, դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին: Երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Կալանավորման մասին որոշումից ժամեր առաջ էլ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Փոխոստիկանապետ Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Սեդրակ Օսիպյանն իր ազգականն է՝ հավելելով․ — «Անմեղության կանխավարկածից ելնելով՝ դեռ շուտ է որևէ եզրակացություն անել: Օբյեկտիվ քննություն կկատարվի, ի հայտ կգան մեղավորները, և թող բոլորը պատժվեն օերնքի ամբողջ խստությամբ, որովհետև բոլորը հավասար են օրենքի առջև»:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում:

Կայքի հետ զրույցում նշված քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Նուբարաշեն 11 փողոցի 12 շենքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ 53-ամյա Սմբուլ Հովհաննիսյանը, հայտնել է, որ իր տղան դանակահարության հետ կապ չունի, և կան վկաներ, ովքեր պնդում են, որ դանակահարությունը կատարել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, ով նույնպես՝ ըստ Ս. Հովհանիսյանի հայտարարության, դեպքից հետո իրավապահներից թաքնվում է. «Ես պատրաստ եմ իմ տղային ներկայացնելու քննչական մարմնին, սակայն չունեմ երաշխիք, որ Օսիպյանը չի փորձի պաշտոնական դիրքը օգտագործելով իր եղբոր տղային ազատել կատարած հանցանքի համար ու ամեն ինչ բարդել տա տղուս վրա»: Տիկին Հովհաննիսյանը հայտնում է նաև, որ Օսիպյանը համոզում էր իրեն, որ տղան՝ Սարգիսը, արարքը վերցնի իր վրա, փոխարենը ինքը ամեն ինչ կանի, որ Սարգիսը չկալանավորվի:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ աշխատակիցները վարորդի նկատմամբ բռնություն են կիրառել’