‘Օսիպյանն ու իր 172.2-ը’

2424

Հուլիսի 26-ին քաղաքապետարանի դիմաց կայացած հավաքի ժամանակ ոստիկանության փոխգնդապետ պարոն Օսիպյանը չէր դադարում պնդել, որ հավաքի մասնակիցները խախտում են օրենքը: Հարցին, թե կոնկրետ ո՞ր օրենքն է խախտվում, պարոն Օսիպյանը պատասխանեց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածը: Ահա այդ հոդվածի շարադրանքը՝

«Փողոցները, մայթերը, հրապարակները, և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով»:

Ինչպես տեսնում եք, բուն 172.2 հոդվածը ոչ մի կանոն չի պարունակում, այլ հղում է կատարում «օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումներ»-ին: Հետևություն. ասել, որ հավաքի մասնակիցները խախտում են 172.2 հոդվածը՝ բավարար չէ. անհրաժեշտ է հղում կատարել հոդվածի մեջ վկայակոչվող այն օրենքին կամ վարչական ակտին, որի կանոնները խախտվել են:  Հորդորում ենք պարոն Օսիպյանին հետագայում ավելի հիմնավոր կերպով պատճառաբանել հավաքի մասնակիցներին ուղղված իր պահանջները:

Ահա մի քանի օրինակ պարոն Օսիպյանի հիմնավորումներից՝

1. «Դուք խանգարում եք մարդկանց անդորրը»: Հիշո՞ւմ եք՝ Րաֆֆիի հանրահավաքների ժամանակ պարոն Օսիպյանը պահանջում էր հանել վրանը, քանի որ այն «փակում էր սրճարանում նստած մարդկանց տեսադաշտը»: Թերթեք ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Հավաստիացնում եմ՝ դուք այնտեղ չեք գտնի որևէ հոդված մարդու «անդորրի» կամ, առավել ևս՝ «բաց տեսադաշտ ունենալու» իրավունքների մասին: Ընդհանրապես՝ կյանքը շատ անհանգիստ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ամեն մարդ ունենար անդորրի իրավունք: Ապրել պարզապես անհնարին կլիներ. յուրաքանչյուր մարդ իրավունք կունենար մոտենալ փողոցում նվագող անտուն երաժշտին և պահանջել, որ նա ձայնը կտրի: 

2. «Դուք խոչընդոտում եք քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»: Եկեք փորձենք տրամաբանել: Քաղաքապետարանի աշխատակիցներն ունեն գործատու՝ քաղաքապետարանը: Յուրաքանչյուր գործատու ինքն է պարտավոր ապահովել իր աշխատակիցների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանները (Աշխատանքային օրենսգիրք, հոդված 244): Քաղաքապետարանը հանրային կառավարման մարմին է, և նման շենքերի առջև հանրահավաքները, ցույցերը, բողոքները բնականոն երևույթ են: Եթե հավաքվածների ձայներն անհանգստացնում են քաղաքապետարանի աշխատակիցներին, թերևս միակ ճիշտ լուծումը քաղաքապետարանի կողմից անձայնանցիկ եվրոպատուհանների տեղադրումն է:

Մեզ մնում է հույս ունենալ, որ պարոն Օսիպյանը օգտվում է համացանցից և չի խորշում փոքր-ինչ քննադատական հոդվածներ կարդալուց:

Հայկ Ճշմարիտյան

Իրավագիտության մագիստրոս 

Նախորդ հոդվածը‘Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է’
Հաջորդ հոդվածը‘«Էրեբունի» թանգարանում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց պալատի պահպանված մասը’