‘Օսկանյանը` ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի մասին’

782

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում մեկնաբանել է կուսակցության խորհրդարանական պատվիրակության այսօր Բրյուսել կատարելիք այցի հիմնական նպատակները։

«Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի:

Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը:

Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:

Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:

Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»,- ասված է Օսկանյանի գրառման մեջ:

Նախորդ հոդվածը‘Բենիտեսը «թասիբի» է գցում «Շախտյորին»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին իր մեքենան նվիրում է մաքսատանը (տեսանյութ)’