‘Օսկանյան. Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը ‘

1217

ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման ու համաներման կապակցությամբ երեկ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը: 

«Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում համերաշխություն եւ միասնականություն դրսեւորեցին: Սա ողջունելի է»,- գրել է Օսկանյանը` հավելելով, թե մինչեւ հայտարարությունն ընդունելը ավելի քան երեսուն ելույթ եղավ, որոնք բոլորը լսել է` չնայած դա հոգնեցուցիչ էր:

«Ինձ իսկապես հետաքրքրում էր այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուր անհատի մոտեցումն ու ընկալումը։ Հատկապես իշխող ուժի ներկայացուցիչները կոչ էին անում համերաշխության եւ կոնսոլիդացիայի, բայց նրանցից որեւէ մեկը համարձակություն չունեցավ նույնիսկ անուղղակի ակնարկել, որ այս բոլորի մեջ միգուցե մեղավորություն ունի նաեւ իրենց կառավարությունը: Սա արդեն ողջունելի չէ: Ինձ համար հիասթափեցուցիչ էր նաեւ արտգործնախարարի ելույթը, երբ նա իր ներկայացրած փաստարկներով ըստ էության ընդունում էր, որ իրենց խաբել են: Ես կուզենայի արտգործնախարարին ասել, որ խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար: Դա ծանրացնում է ձախողման պատասխանատվությունը»,- գրել է Օսկանյանը:

Նախկին նախարարը նաեւ հավելել է, թե ակնհայտ է, որ մենք թերացել ենք:

«Մենք թերացել ենք, Հունգարիան նողկալի արարք է գործել, Ադրբեջանի վարչակարգը ցույց է տվել իր իրական՝ անմարդկային դեմքը: Այն, ինչ եղել է, անընդունելի է հայ ժողովրդի համար: Սրա հետեւանքները վերացնելու առումով մենք պետք է հետեւողական եւ համառ պայքար մղենք բոլոր առումներով, հատկապես իրավական եւ դիվանագիտական: Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը, իսկ դիվանագիտական առումով՝ հասնել Լեռնային Ղարաբաղի արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը: Ինձ համար սա է լինելու կառավարության գործունեության արդյունքը գնահատելու չափանիշը»,- գրել է Օսկանյանը:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ միակ հեռուստաընկերությունը 2014-ին կհեռարձակվի արբանյակո՞վ’