‘Օվանիտաս. Բաց մեղայագիր ՀՀ վարչապետին’

1843

Բլոգեր Օվանիտասի մեղայագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանին.

Մեծարգո կամրադ,

Ես` ՀՀ քաղաքացի, Երևանաբնակ Օվանիտասս, սույնով ուզում եմ Ձեզ` ՀՀ Վարչապետին, խոստովանել մեղքերս։ Չէ, էն մեղքերս չէ, որ շնացել եմ, կամ ուրիշի կնկան աչք եմ դրել. վարչական մեղքերս։ Դրանք հո քահանային չես խոստովանի։ Դես ման եկա, դեն ման եկա, որոշեցի Ձեզ խոստովանեմ՝ որպես ՀՀ կառավարության ղեկավարի ու վարչական էդ տեսակ գործառույթների կարգավորողի։

Մեղավոր եմ, մեծարգո Վարչապետ։ Վարչական մեղքեր շատ եմ գործել։ Օրինակ` էսօր, առավոտյան մեքենայովս Նորքի երկրորդ զանգվածի կանգառում կայանեցի, ինչի իրավունքը չունեի, կանգառից վերցրեցի 4 (չորս) ուղևոր ու իջեցրեցի մինչև Շրջանային՝ սույնով պակասեցնելով ՀՀ բյուջե կատարվելիք հարկային վճարներն ու ազնիվ գծատերերի շահույթը։

Իմ մեղավոր հոգին ու խախտումապաշտ մարմինը սրանով, սակայն, չսահմանափակվեցին, մեծարգո Վարչապետ։

Աշխատատեղումս հաստատվելուն պես ոչ թե սկսեցի զբաղվել բուն գործունեությամբս՝ ի շահ հայրենի երկրի ավելացված արժեքի, այլ սկսեցի երկար քիթս խոթել այն ոլորտները, որտեղ խորանալը տրված չէ այնպիսի հասարակ քաղաքացուն, ինչպիսին ձեր խոնարհ ու մեղավոր ծառան է։ Մեղա, պարոն Վարչապետ։ Մեղա եմ գալիս, որ կասկածեցի ՀՀ իշխող կուսակցության նախընտրական խոստումները իրականացնելու՝ ՀՀ գործադիր իշխանության մղումների ու գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես՝ ես` մեղավորս, բացեցի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ու իմ կասկածամիտ ու անկատար խելքով որոնեցի ու գտա այն դրույթը, որը վերաբերում է կանխիկ շրջանառությանը։  Էնտեղ կատարվելիք գործողությունների ցուցակում իր ուրույն տեղն էր գտել հետևյալ խորիմաստ միտքը՝

«Կանխիկ դրամաշրջանառության զգալի նվազեցման ծրագրի իրականացում»:

Իմ մեղավոր միտքը չսահմանափակվեց սրանով, մեծարգո Վարչապետ։ Իմ էդ մեղավոր միտքը հրաման տվեց մեղավոր աջ ձեռքիս վերցնել մեղավոր մկնիկը ու սեղմել Երևանի քաղաքապետարանի ազնիվ կայքի վրա, որտեղ էլ իմ մեղավոր աչքերին ստիպեց կարդալ Երևանում գործող միկրոավտոբուսների ու ավտոբուսների քանակը՝ համապատասխանաբար՝ 2700 և 391։

Հետո իմ մեղավոր ուղեղը կատարեց հաջորդ վարչական զանցանքը. սկսեց բազմապատկել թվերը մեկը մյուսով։ Իմ մեղավոր աջ ձեռքը բացեց իմ մեղավոր էքսելը (շատ մեղավոր, քանի որ ջարդված էր KMS activator-ով) ու կատարեց հետևյալ մեղավոր թվաբանությունը՝

(Ա) միկրոավտոբուսների քանակը՝ 2700

(Բ) մեկ միավորի կողմից մեկ ամսում տեղափոխող վճարող քաղաքացիների քանակը՝ 5,850

(Գ) ուղեվարձ՝ 150դ.

(Դ) = (Ա)*(Բ)*(Գ) մեկ ամսում կանխիկ շրջանառության ծավալը՝ 2,369,250,000 դ.

(Ե) = (Դ)*12 մեկ տարում կանխիկ շրջանառության ծավալը՝ 28,431,000,000 դ.

(Զ) ավտոբուսների քանակը՝ 391

(Է) մեկ միավորի կողմից մեկ ամսում տեղափոխող վճարող քաղաքացիների քանակը՝ 10,680

(Ը) = (Զ)*(Է)*(Գ) մեկ ամսում կանխիկ շրջանառության ծավալը՝ 626,382,000 դ.

(Թ) = (Ը)*12 մեկ տարում կանխիկ շրջանառության ծավալը՝ 7,516,584,000 դ.

(Ժ) միկրոավտոբուսների և ավտոբուսների ընդհանուր կանխիկ շրջանառությունը 1 տարում, 150 դրամ ուղեվարձի դեպքում՝ ըստ քաղաքապետարանի տվյալների՝ 35,947,584,000 դ.

Մեղավոր ձեռքովս կրկնում եմ այս, կրկնում եմ՝ համարյա 36 միլիարդ դրամ՝ 86 միլիոն ամերիկական դոլար։

Հիմի, մեծարգո պարոն Վարչապետ, մեղավոր մտքումս մեղավոր հարց է ծնվում. բա էս գյուղաքաղաքում տարեկան 86 միլիոն դոլարի կանխիկ շրջանառությունը, էն էլ հլա պաշտոնական տվյալներով (մեղա․ մեղա) մեր երկրի իշխող կուսակցության էն վկայակոչածս ծրագրի վկայակոչածս դրույթին չի հակասո՞ւմ (հազար մեղա)։ Էս մեղավոր հարցիս ծագման պատճառն էլ էն մեղավոր միտքն է, թե բուդկա-մուդկաների կանխիկ շրջանառությունը, չեկ չխփելը ինչքան էլ նվազեցնես, էդ նվազեցումը տարեկան 80 միլիոն դոլարի դժվար թե հասնի։

Մեղավոր միտքս ասում է՝ բա ինչի՞ մեր անմեղ գործադիր իշխանությունը չի ստեղծում մի «Երևան տրանսպորտ» ԲԲԸ, բաժնեթղթերի համապատասխան բաշխմամբ (թեկուզ ըստ ներկայիս գծատերերի), որը կկազմակերպի տրանսպորտի կառավարումը, գումարն էլ կստանա տոմսերի, մշտականների, չվճարողներին տուգանելու տեսքով։  Չէ՞ որ էդ դեպքում կարելի է մեկանգամյա ուղևարձը 200 էլ դնել, ու ոչ ոք չի նեղանա, քանի որ էդ պոտենցիալ նեղացողները, որպես Երևանի բնակիչներ՝ մշտականներ կունենան, որով իրենց մեկ ուղևորության վարձը կարող է 100 դրամից էլ պակաս նստել։ Կարող է, չէ՞։ Չէ՞։ Ես մեղա, ուրեմն։

Թողություն տվեք մեղքերիս, պարոն Վարչապետ։ Թե չէ գիշերները քունս չի տանում, իմ պրոբլեմները թողած՝ սենց՝ իմ համար անհաս խնդիրների մասին եմ մտածում, երբ գլուխս բարձին եմ դնում, որ քնանամ։

ՄԵՂԱՎՈՐ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Եթե էն մեղավոր հանրահաշիվը 150 դրամի փոխարեն 100 դրամով անենք, էլի տարեկան մի 57 միլիոն դոլարի թիվ է կազմում։ Քիչ է՞։

 Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/74841.html 

 

 

Նախորդ հոդվածը‘Դանակահարված վարորդին վիրահատում են. Նրա կյանքին վտանգ չի սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Տրանսպորտի համար 100 դրամ վճարելն անօրինական չէ’