‘«Օտպուսկի» հովանավոր՝ Տարոն Մարգարյան. Մամուլ’

1210

Որքան մոտենում են ավագանու ընտրությունները, այնքան կատարելագործվում են ընտրակեղծիքների մեթոդները: Արդեն մի քանի օր է, ինչ մենք ահազանգեր ենք ստանում. մեզ պատմում են, որ զինծառայողներին արձակուրդներ են տալիս, որ մայիսի 5-ին գան Երեւան եւ մասնակցեն քաղաքապետի ընտրություններին: Տեղեկատվություն ստացանք, որ զորամասերում հրամանատարներն են խոսում զինծառայողների հետ եւ ճշտում են՝ եթե արձակուրդ տանք, կկարողանա՞ք ձեր հարեւան-բարեկամների քվեարկությունն ապահովել Տարոնի օգտին:

Եվ որոշ անձինք այցելում են այն ընտանիքներին, որոնք զինծառայող ունեն, եւ առաջարկում են Տարոն Մարգարյանին քվեարկելու դիմաց 5 օրով արձակուրդ ուղարկել իրենց զինվորին: Ծնողներն էլ, ծառայողներն էլ, բնականաբար, սիրահոժար համաձայնում են. նման առիթ՝ մի ավելորդ անգամ գալ արձակուրդ, միշտ չէ, որ կստեղծվի: Ուստի դրա դիմաց Տարոնի օգտին քվեարկելը նվազագույնն է, որին պատրաստ են զինծառայող ունեցողները: Սա նշանակում է, որ իշխանությունը գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ կիրառելով թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներ քաղաքացու քվեն ստանալու համար: Պաշտպանության նախարարությունից, ինչպես եւ սպասվում էր, հերքեցին մեր հավաստի տեղեկությունը: Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախ ասաց, որ ինքը ոչ մի բան չի կարող ասել «ինչ-որ ստոր անձանց, պատահական խաբեբաների արարքի մասին», ապա հետաքրքրվեց, թե բնակարաններ այցելողներն ովքեր են եղել՝ քաղաքացիակա՞ն հագուստով, թե՞ համազգեստով: Լսելով պատասխանը՝ արձագանքեց. «Քաղաքացիական անձն ով ա՞, որ մեր զինվորին արձակուրդ ուղարկի»: Գուցե պայմանավորվածությո՞ւն կա նախարարության եւ այդ «քաղաքացիական հագուստով» անձանց միջեւ՝ նորից հարցրինք: «Տենց բան չի կարա լինի: Դա բացառված է»: Իսկ եթե այդ մարդիկ համազգեստով լինեին, կնշանակեր, որ պայմանավորվածությո՞ւն կա: «Եթե համազգեստով լինեին, այդ ժամանակ առարկայորեն կխոսեինք, բայց ասեմ, որ չի կարող լինել ոչ մի անօրինական համագործակցություն»,- եղավ ՊՆ մամուլի խոսնակի պատասխանը:

Սոնա Հարությունյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Լրագրող. Նման բան կարող էր տեղի ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցն է’