‘Օրենքով չնախատեսված դղյակ. Մամուլ’

1849

«Հայկական ժամանակ» թերթն այսօրվա համարում ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.  

«Լուսանկարում Ռոմա Մկրտումյանի, մեղմ ասած՝ տունն է։ Այս դղյակը գտնվում Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»–ի դեմ դիմաց։ Թե ում անունով է գրանցված դղյակը, մեզ չհաջողվեց պարզել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Նա չի պատասխանել նաև, թե ո՞ւմ անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները։

Խոսքը, մասնավորապես, 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»– ի, 005DD05 պետհամարանիշով «Բենթլիի», 91UՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերի», 1RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է։ ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օրենքից։ Եւ ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»…։ Որտեղի՞ց է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:

Բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս տունն էլ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է: Կամ, ասենք՝ Ռոմա Մկրտումյանը ինչ-որ սերմ է ճարել, ցանել է, և նման դղյակ է աճել:

Նշենք, որ տարիներ շարունակ Ռոմա Մկրտումյանն աշխատել է ոստիկանության մեծն բարեփոխիչ Վովա Գասպարյանի հետ, երբ նա Ռազմական ոստիկանության պետն էր: Դառնալով ՀՀ ոստիկանապետ՝ Վովա Գասպարյանը այնպես բարեփոխեց ոստիկանությունը, որ բարձրաստիճան ոստիկանները է՛լ ավելի հարստացան, և նրանց ավտոպարկը հիմա հիշեցնում է աշխարհի հայտնի ավտոցուցահանդեսների ցուցասրահ:

Ինչ վերաբերում է Ռոմա Մկրտումյանին, ապա խոսակցություններ կան, որ նա բիզնես է անում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ:

Այս հարցով մեկնաբանության համար Աշոտ Ահարոնյանին չդիմեցինք, չէ՞ որ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական հարաբերությունների և բիզնես-պարտնյորների մասին տեղեկություններ տրամադրել, առավել ևս՝ երբ խոսքը բարձրաստիճան ոստիկանի մասին է, ում օրենսդրությունն ընդհանրապես թույլ չի տալիս բիզնեսով զբաղվել»:

Նախորդ հոդվածը‘Իտալիան եւ Ճապոնիան խելահեղ գիշեր պարգեւեցին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությանը պետք էր ոչ թե բախում, այլ աղոթք բեմադրել. Մամուլ ‘