‘«Օրինապաշտ» նախարարը օգտվում է դիվանագիտական արտոնություններից. Ֆոտո’

1323

Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Վրաստանում Հայաստանի արդեն նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Նշանակումից մեկուկես ամիս անց՝ Վրաստանում Հայաստանի դեսպանին պատկանող 011CMD03 դիվանագիտական պետհամարանիշով ավտոմեքենան շրջագայում է Երևանում՝ տեղափոխելով դեսպանատան հետ կապ չունեցող անձանց: Ի՞նչ նպատակով է այդ մեքենան գտնվում Երևանում, ինչո՞ւ է տեղափոխում դեսպանության հետ կապ չունեցող անձանց:

Երբ  այս հարցերը պարզաբանելու համար դիմեցինք ԱԳՆ մամլո ծառայություն, ստացանք հետեւյալ պատասխանը. «Դա նախկին դեսպանի անձնական մեքենան է, որի հաշվառումից հանելու փաստաթղթերը արդեն ներկայացվել են Վրաստանի իրավասուիշխանություններին, և մոտակա օրերին պետհամարանիշները կփոխվեն»:

Նշենք, սակայն, որ գործողությունը, որը մատնանշվում է ԱԳՆ-ի պատասխանում, իրականում ժամերի պատմություն է: Այն մոտ մեկ ժամում կարելի է ավարտին հասցնել: Սակայն լուսանկարն արվել է օրերս, ինչը նշանակում է, որ նախարարը մինչև առնվազն հունիսի 10-ը պետհամարանիշները պետք է հանձնած լիներ (ինչը, ինչպես տեսանք՝ չի արել), և շարունակում է օգտագործել դիվանագիտական պետհամարանիշներով ավտոմեքենան՝ խախտելով թե՛ ՀՀ և թե՛ Վրաստանի օրենքները: Ցավալի է, երբ արտաքին գերատեսչությունից նման որակի պատասխաններ են ստացվում: Այսինքն՝ Մանուկյանը, պաշտոնաթողությունից ամիսուկես անց, շարունակում է պահել դեսպանատան համարները, եւ ապա՝ այդ համարներով մեքենան վարում են ԱԳՆ-ի եւ դեսպանատան հետ կապ չունեցող  անձինք:

Բացի այդ՝  չմոռանանք, որ դիվանագիտական համարներով մեքենաները չեն ստուգվում սահմանին, ինչը նշանակում է, որ ցանկացած օտար անձնավորություն այդ պետհամարանիշներով մեքենայով կարող է Հայաստան բերել կամ Հայաստանից դուրս տանել ցանկացած բան: Սա՝ իրավական վտանգը:

Հարցը, սակայն, նաեւ բարոյական կողմ ունի: Այդ ինչպե՞ս պետք է բարեփոխումներ կատարի ու ժողովրդի վստահություն հայցի մեկը, ով արհամարհում է գործող օրենքներն ու ընդունված կարգը և բոլորի աչքի առաջ ու անհասկանալի նպատակներով օգտագործում է իրեն չպատկանող իրը:

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ի՝ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ պարունակող արձագանքում պատրաստակամություն չի հայտնվում՝ արագ շտկելու օրենքների խախտումը, և հարցը ներկայացվում է այնպես, կարծես դա ընդունված կարգ է: Ընդհանրապես՝ ԱԳՆ-ում կարծես վատ սովորություն է դարձել պաշտոնաթողությունից հետո նախկին պաշտոնեական բարիքներից օգտվելը: Երբ Նալբանդյանը թողեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնն ու նշանակվեց ԱԳ նախարար, ամիսներ շարունակ նրա ընտանիքը շարունակում էր օգտվել Փարիզում ՀՀ դեսպանի համար վարձակալած բնակարանից:

Նախորդ հոդվածը‘Գերմանիա-Պորտուգալիա. Պայքարի դուրս կգան ուժեղագույնները’
Հաջորդ հոդվածը‘Գազի հարցով քննարկումները կշարունակվեն վաղը’