‘Օրվա համառոտ ամփոփում’

1144

Առավոտյան իմացանք, որ երեկ` հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած Գրողների միության արտահերթ համագումարում ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել Էդվրդ Միլիտոնյանը` 199 ձայն: 

Այսօր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա կազմակերպած ՀԿ-ների ներկայացուցիչները ցուցապաստառներով ներխուժել են սրահը, որտեղ տեղի էր ունենում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը: Ավելի ուշ Յագլանդը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

Ժամը 16-ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը, որում նախորդ դատին ներկայացրած դատավորի միջնորդությամբ ցուցմունք տվեց տուժող Էդգար Նիկոյանը, ով հաստատեց իր նախկինում տրված ցուցմունքերը: 

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է նաեւ «Նիվայի» ուղեւորներից Էդուարդ Հակոբյանը: BMW մակնիշի մեքենայի ղեկին, որը Նիվային հարվածել է հետեւից, գտնվել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն:

Սերժ Սարգսյանը հետմահու Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանին, ով  զոհվել է հոկտեմբերի 16-ին ականի պայթյունից` մարտական առաջադրանք կատարելիս:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հայտնել է, որ նոր ընտրական փուլում չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: 

Գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: Այսօր՝  Գեւորգ Կոստանյանի հրամանով` Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:  

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ չի բացառում Մաքսային միությունում, ինչպես նաև նոր ձևավորվող Միասնական տնտեսական միությունում, այսպես կոչված, չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը:  

Հոկտեմբերի 21-ին հայտարարել է «Ծննդոց» հիմնադրամը հայտնել է, որ Իսրայելը բարձր է գնահատել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի վաստակը, և հենց նա կդառնա մեկ միլիոն դոլար պարգևի կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հրեական «Նոբելյան» մրցանակի»  առաջին մրցանակակիրը: 

Այսօր Կահիրեում ղպտական եկեղեցում անցկացվող հարսանեկան արարողության վրա դիմակավորված անձանց արձակած կրակոցներից զոհվել է երեք մարդ: Ականատեսների վկայությամբ՝ զինված մարդիկ մոտոցիկլետներով մոտեցել են եկեղեցուց դուրս եկողներին ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն ինը մարդ, իսկ զոհերի թվում ութամյա  աղջիկ կա: Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: 

Այսքանն էին օրվա կարեւոր հիմնական իրադարձությունները, սպասենք վաղվան:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչն ընդդեմ Ռոնալդուի. Հայտնի են ԱԱ 2014-ի անցումային խաղերի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Նույնիսկ Արցախի ղեկավարությունն ա իրեն գժի տեղ դրել’