‘Օրվա համառոտ ամփոփում’

894

Երեկ երեկոյան Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երևանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել: Այս տեղեկությունը  հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը: «Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», – նշել է փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դժբախտ պատահարի զոհը 1980թ. ծնված, Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակիչ Սերգեյ Թամրազյանն է։

Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են ժամանել հինգ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ի տվյալներով՝ տուժածներ չկան: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Այսօր Վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակեց չորս քաղաքացիական ակտիվիստների գործերով որոշումները: Դատարանի որոշմամբ մերժվեցին Ոստիկանության հայցերն ընդդեմ Գոռ Առաքելյանի, Կարեն Հարությունյանի, Վահագն Մինասյանի և Մհեր Արշակյանի: Դատարանը նաև բավարարեց այդ չորս քաղաքացիական ակտիվիստների հայցերն ընդդեմ Ոստիկանության՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, և որոշեց նրանցից յուրաքանչյուրի մասով 150 հազարական դրամ (մոտ 370 դոլար) բռնագանձել Ոստիկանությունից՝ որպես այս քաղաքացիներին իրավաբանական ծառայությունների մատուցման փոխհատուցում: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը: Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Այսօր Հայկ Ալումյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է իր բողոքը: «Դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, ըստ այդմ՝ դեռ չեմ կարող անդրադառնալ ներկայացված հիմնավորներին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ խիստ բացասական է գնահատում դատարանի նման որոշումը: 

Ի պատասխան երեկ iLur.am-ում հրապարակված «Բաց դիմում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին» վերնագրով հոդվածի՝ այսօր էլեկտրոնային հաղորդագրություն ենք ստացել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից, որը ներկայացնում ենք այստեղ

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ներկայիս կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի: Նրա խոսքով՝ կառավարությունը ոչ թե լուծում է հանրապետության այս կամ այն ճյուղի ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը: 

Բուրկինա Ֆասոյից Ալժիր թռչող Air Algerie ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մալիի հյուսիսում՝ Սահարայի անապատում, հայտնել է Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթան: Այս տեղեկատվությունը հաստատել են նաև Բուրկինա Ֆասոյի կառավարության ներկայացուցիչները, որոնց խոսքով՝ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Մալիի հետ Բուրկինա Ֆասոյի սահմանից 50 կմ հեռավորության վրա: McDonnell Douglas MD-83 ինքնաթիռը՝ 110 ուղևորներով և անձնակազմի 6 անդամներով, չվերթ էր կատարում Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից Ալժիր: Սահարայի անապատի վրայով թռչելիս այն դադարել է պատասխանել կարգավարներին: 

Հուլիսի 25-ին 86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։ 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Տեսանյութ. Հենրիխ Մխիթարյանի լավագույն խաղային դրվագները գերմանական ակումբում’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն քաղաքական ցուցապաստառի համար տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը’