‘Օրվա համառոտ ամփոփում’

991

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի վերաքննիչ բողոքով դատական նիստը՝ դռնփակ ռեժիմով: iLur.am-ի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու լրատվամիջոցների վերաքննիչ բողոքների վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին հանձնվեց միայն այսօր: «Ընդ որում, դատարան չէին ներկայացել քննիչ Բեգոյանը եւ վերահսկող դատախազը: Երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներս միջնորդեցինք, որպեսզի նիստը հրապարակային անցկացվի, սակայն դատավոր Եվա Դարբինյանը մերժեց այդ միջնորդությունը, եւ քանի որ մենք իրավունք ունենք վարույթ ընդունելու որոշումը, որով ֆիքսված է, որ դատաքննությունը դռնփակ է անցկացվելու՝ բողոքարկելու, մենք խնդրեցինք, որ նիստը հետաձգվի՝ տվյալ որոշումը բողոքարկելու համար»,-նշեց Լուսինե Հակոբյանը: 

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնությունը  այսօր կոչ է արել չեղյալ համարել դեպի Ռուսաստանի դեսպանություն նախօրոք հայտարարված երթը՝ հորդորելով «ինքնաբուխ, անկազմակերպ» գործողություններով չվնասել Հայրապետյոնին: «Լիովին հասկանալի է այն մտահոգությունն ու անհանգստությունը, որ ապրում ենք յուրաքանչյուրս մեր հայրենակից, հայտնի գործարար, բարերար, հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի հետ կատարվածի առնչությամբ: Եվ մենք պետք է միասնաբար փորձենք օգտակար քայլերով սատարել նրան: Սակայն խնդրում և հորդորում ենք բոլորին, առանց` “Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի” շտաբի հետ համաձայնության որևէ քայլ` երթ, ցույց, ստորագրահավաք չկազմակերպել», — ասվում է Ֆեյհսբուքում տարածված հաղորդագրությունում: 

Մոտ ապագայում Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է և ԼՂ հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար: Հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահների միջև հանդիպում տեղի կունենա», — ասել է նա:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդական Սոֆիա Շամադինի հետ եւ քննարկել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը:  «Եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը գտնվում է Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում եւ այս առումով շատ կարեւոր է, որ հենց Նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդականն է հանդիպել սրբազանի հետ: Շատ կարեւոր է, որ պաշտոնապես Սոֆիա Շամադինին դատապարտել է տեղի ունեցածն ու անընդունելի համարել բռնությունը` հույս հայտնելով, որ միջադեպի առնչությամբ նախաքննությունը շուտով կավարտվի եւ մեղավորները կպատժվեն»,- նշել է Վիրահայոց թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի համար’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոն ընդդեմ աշխարհի ֆուտբոլային հանճարների (տեսանյութ)’