‘Օրվա համառոտ ամփոփում’

1193

Այսօր առավոտյան Մոսկվայի քննչական մեկուսարանում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը, նրան կոմայից ուշքի են բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Artsakh Today-ի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Հայրապետյանի զարմիկ Գուրգեն Հայրապետյանի տեղեկատվության համաձայն՝ բարերարի ինքնազգացողությունը դեռ շատ վատ է, նա չի կարողանում շփվել փաստաբանների հետ: «Նման կերպ պատժել այդքան հիվանդ մարդուն՝ անմարդկային է: Չէ՞ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է: Մինչդեռ այնպես են վարվում, կարծես նա ինչ-որ մեկին սպանել է, ու նրան բռնել են հանցանքի վայրում: Օր առաջ պետք է փոխել խափանման միջոցը՝ տնային կալանքի»,- հայտարարել է Գուրգեն Հայրապետյանը»:  

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Սեւան-Երեւան ավտոճանապարհին. «Հյունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել հանդիպակաց ուղեմաս, կոտրել երկաթյա արգելապատնեշն ու ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը: Պատահարի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է: Ուղևորուհիներից մեկը` 1984 թ. ծնված Ռոզա Արծրունին, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորուհի Շողիկ Հովհաննիսյանն և ուղևոր Բարսեղ Գեգողլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում ափսոսանքով է հայտնում, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելուն: Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում: Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: 

Այսօր՝ հուլիսի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արման Կուտանյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Վերջինս հանդիսանում է ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Հիշեցնենք, որ Կուտանյանը մեղադրվում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր սպանության մեջ: 

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները այսօր մտել են Մարզահամերգային համալիր: Ինչպես տեղեկացնում են Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնից, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, առանց հիմնավորումների, համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել շենքից:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, անդրադարձել է ջրաշխարհին կից անտառներում իրականցվող ծառահատումներին: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կռունկի սլաքը՝ Դամոկլյան սրի նման կախված է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա. «Առավոտ»’