‘Օրվա համառոտ ամփոփում’

1213

Օրը սկվեց տխուր լուրով. առավոտյան ժամը 5-ի սահմաններում ավտովթարի հետևանքով զոհվել է Ստանիսլավսկու անվան անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը, ում ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: 

Ծանր հիվանդության հետևանքով մահացել է նաև ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը , ով բուժման նպատակով նախորդ շաբաթ տեղափոխվել էր Գերմանիա: 

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ ձերբակալվել  է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրիկ Վրադանյանի որդին, ով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ: 

Երևանում այսօր կայացավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստը, որի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: 

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները այսօր հայտարարություն են տարածել, որում կրկին բարձրաձայնում են տրանսպորտի սակագների ձեւավորման հետ առնչվող մի շարք հարցեր: Անդամները տրանսպորտի սակագնի սկզբնական հաշվարկի կեղծված լինելու փաստերի հիման վրա մի քանի հարցադրումներ էին ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ով հրաժարվել էր պատասխանելուց: Ինչպես նաև ակտիվիստները 7-օրյա ժամկետ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջով: 

«Ժառանգության» խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով պատճառների վերաբերյալ հրաժարվել է մեկնաբանություն տալուց: Իսկ որպես նոր ղեկավար ընտրվել է Զարուհի Փոստանջյանը:  

ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ուսումնասիրի եւ վերանայի Երեւանի հետ նախկինում նախատեսված բոլոր ծրագրերը: «Մասնավորապես՝ դա վերաբերում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ կապված ծրագրերին», — ասել է նա: 

Թրանսփարենսի ինթերնեյշնալ հակակոռուպցիոն կազմակերպությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հաստատել է եզրակացությունն այն մասին, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  չի գտնվել շահերի բախման իրավիճակում»:

Մեկ այլ բոթ. ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, որի հետևանքով տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:  Արդյունքում՝ 1 զոհ եւ 3 վիրավոր:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ում հետ քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։ 

ԱԺ հայտարարությունների ժամին Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները սկսել են հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների:

Նիլս Մուիժնիկսին այսօր հայտարարել է, որ մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման խնդիրը դեռ վերջնականապես չի լուծվել, և վերջնական գնահատական կլինի քննության ավարտից հետո: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր Բրյուսելու հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի համագործակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ: 

Այսքանն էին օրվա կարևոր իրադարձությունները, իսկ թե ինչ կլինի վաղը՝ կհետևենք միասին: 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյանը Աժ-ում խոսել է Ամուլսարի եւ Արմեն Սարգսյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի նկատմամբ կարող են քրեական գո՞րծ հարուցել’