‘Օրվա համառոտ ամփոփում’

1475

Օրը սկսեց բուռն իրադարձություններով. առավոտյան քաղաքապետարանի մոտից բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին 7 քաղաքացիներ: Բողոքի մասնակիցները ցանկանում էին ներկա լինել Երևանի ավագանու նիստին, սակայն դա չթույլատրվեց իրավապահների կողմից: 

Ժամը 12:00-ին Վերաքննիչ դատարանում կայացավ Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների դատական գործը, որտեղ փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատավոր Եվա Դարբինյանը մոտ 2 ժամ խորհրդակցելուց հետո կրկին մերժեց միջնորդությունը: Այդ կապակցությամբ, հայտարարությամբ հանդես եկան նաև ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները, ովքեր միանալով միջնորդությանը՝ կոչ արեցին անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերացնել ազատազրկման սպառնալիքը մյուս երիտասարդների նկատմամբ: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին: 

Հաջորդ ակցիան տեղի ունեցավ 16:30-ին նախագահական նստավայրի առջև՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշմանը: Ակցիայի շրջանակներում մասնակիցները շարժվեցին դեպի ԵՄ շենք՝ փոխանցելու քաղաքացիների անհամաձայնությունը: Երթը ավարտվեց ՌԴ դեսպանատան արջև: 

«Հարսնաքարի գործով» Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստի ժամանակ դատախազը պահանջեց 13 տարի ժամկետով և 100.000 դրամ տուգանքով դատապարտել մեղադրյալներին: Նիստի ժամանակ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը մայրը՝ որդուն համբուրելուց հետո անսպասելի ուշաթափ եղավ: 

Ազգային ժողովում այսօր ՀՀ ԱԳՆախարար Էդուարդ Նալբանդյանը փակ հանդիպում ունեցավ ԱԺ պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկեցին Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ հարցեր: Սակայն, ի տարբերություն Նալբանդյանի, պատգամավորները դժգոհ մնացին հանդիպման արդյունքներից: 

Նալբանդյանը այսօր նաև հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին, ով հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը  ղարաբաղյան հիմնախնդի հանգուցալուծման նպատակով: 

Օրը ավարտվեց տխուր լուրով. «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը՝ 0:1 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին: Չնայած, որ Հայաստան- Դանիա նախորդ հանդիպումը ավարտվել էր 4:0՝ հայերի հաղթանակով:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետին ‘
Հաջորդ հոդվածը‘Մութաֆյանի նամակը դատավոր Դարբինյանին. Մի ենթարկվեք ռեժիմի ճնշումներին’