‘Օրվա համառոտ ամփոփում’

1045

Երեկ Արարատ քաղաքում անց են կացվել քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնցում առաջադրված երկու թեկնածուներից ձայների չնչին առավելությամբ «հաղթել» է ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանը: Մինչդեռ ԲՀԿ-ն ահազանգել է մի շարք ընտրախախտումների մասին, որոնք սակայն ոստիկանության կողմից մնացել են անարձագանք: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր խոսել է Արարատում կայացած ընտրությունների մասին: 

Ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ է հասցրել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և այլոց՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ: 

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ այսօր ընդունել է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը՝ 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայներով: 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձ է կատարել երեկ տեղի ունեցած՝ Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրություններին: 

Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ` արվեստի, հասարակական եւ քաղաքական գործիչներ, դիմել են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն` պահանջելով անձնական երաշխավորության ներքո փոխել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը եւ ազատ արձակել նրան կալանքից: 

Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ նոյեմբերի 11-ին վավերացրել է Եվրոպական միության հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը: 

Խորհրդարանում պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության վերաբերյալ: Ելույթ ունեցողների ճնշող մասը, ինչպես սպասվում էր, Զաքարյանին հիշեցրել է այս տարվա հունիսին ԱԺ-ում նրա հաշվետվությունը, որի ընթացքում հարյուրավոր միլիարդների հասնող չարաշահումներ էին ներկայացվում: Այս մասին խոսել է ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը: 

Բուռն քննարկում ԱԺ-ում. օրակարգից հանվել է «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի նախագիծը. Տեսանյութ 

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: 

Երևանում՝ քաղաքային իշխանությունների «ջանքերով» ևս մեկ թեժ կետ է ձևավորվել: Սայաթ-Նովա 10-ի և հարակից շենքերի բնակիչները պայքարում եմ, որ իրենց փոքրիկ բակում չկառուցվի ևս մեկ «էլիտար շենք»: 

Հայաստան է ժամանել Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան  Քեշիշյանը:

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին այսօր ավելի քան 90 զինյալ են սպանել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ-ի հինգ մշտական անդամների և Գերմանիայի ժնևյան շաբաթօրյա բանակցությունների ժամանակ Իրանը հրաժարվել է համաձայնագիր կնքել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:  

iLur.am-ը այսօր զրուցել է «Հարսնաքարի գործով» Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ՝ Նոյեմբերի 8-ին դատական նիստին հնչեցված մեղադրական ճառի և ողջ դատաքննության ընթացքի վերաբերյալ: 

Իսկ մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ֆինանսական բուրգի գործով դատավարությունը. Մամուլ’