‘Օրվա համառոտ ամփոփում’

967

ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող «Հայ  ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այսօր մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը: Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ALDE կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնի, Գերմանիայի եվրոպական հարաբերությունների հարցով պետնախարար Մայքլ Լինքի եւ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ: 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ, որի ժամանակ փոխանակել են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը նախանշող նամակներ են: 

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն, սակայն Հայաստանի մասին խոսք անգամ չի եղել գագաթնաժողովը լուսաբանող` միջազգային լրատվամիջոցների ռեպորտաժներում, իսկ ԵՄ առաջնորդներն իրենց ելույթներում Հայաստանի անունը չեն հիշատակել: 

Լիտվայում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» բիզնես ֆորումում`նա ասել է, թե  Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային Միությանը անդամակցելու կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հետ կապված ռիսկերը: 

Հայտարարությամբ է հանդես եկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտնելով, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ` հավելելով, թե ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման «արդյունավետությունը»:

Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը այսօր iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Կառավարությությունը դեռեւս գրավոր պատասխան չի ներկայացրել նոյեմբերի 5-ին ուղարկված հարցապնդմանը: 

Այսօր լրագրողների հետ հանդիպել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով նշել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդի վիճակը նորմալ է` միաժամանակ ընդգծելով, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և անօրինական: 

Այսօր Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ենթարկվել է հրետակոծման, որի հետևանքով մեկ սիրիացի զոհվել է, ևս 9-ը, այդ թվում՝ դեսպանատան սիրիացի պահապաններից, վիրավորվել են: 

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը այսօր կոչ է արել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը, որը նա սկսել էր երկուշաբթի օրը՝ ի համերաշխություն եվրոմայդանի: 

Իսկ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ինչ «կլոր սեղաններ» կկազմակերպվեն Պուտինի այցի օրերին ‘
Հաջորդ հոդվածը‘Օտարերկրյա ներդրումները կրճատվել են, օֆշորայինները՝ ավելացել. Մամուլ’