‘Օրվա համառոտ ամփոփում’

1011

Օրը լարված էր.

Վաղ առավոտյան Երևանի Հերացու փողոցից ոտսիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ, որոնք փորձել են ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ: Որից հետո` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: 

Արդյունքում` ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է ենթարկել մեծ թվով քաղաքացիների: Տեսանյութ

Դեպքի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը` դատապարտելով իշխանության հակաօրինական գործողությունները:

Այսօր պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: 
Այցի ավարտին նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Մինչ Պուտինը կժամաներ Բաղրամյան 26, հարակից փողոցներն ու Բաղրամյան փողոցը փակել էին, իսկ շուրջբոլորը ոստիկաններ էին հավաքվել:Տեսանյութ

Երեւանի կենտրոնում այսօր հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան է բացվել: Բացման հանդիսավոր արարողությանը հայկական կողմից մասնակցած ամենաբարձրաստիճան պաշտոնյան  Սերժ Սարգսյանն էր, ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի նախագահ Մաքսիմ Սոկոլովը: 

Ազգային ժողովում արտահերթ կարգով դեկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթի կիրառումը հետաձգելու վերաբերյալ քննարկումներ սկսելու մասին հայտարարության նախագծի քննարկումը:

Լարված իրավիճակ է նաև Ուկրաինայում. առավոտյան Կիևի անկախության հրապարակում արդեն մի քանի օր անընդմեջ ակցիաներ անող ցուցարարների հիմնական մասն  ուղղվել է դեպի կառավարության շենքը և սկսել է պաշարել Կառավարության շենք տանող ճանապարհներն ու մուտքերը: Իսկ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները և Բերկուտի հատուկ ջոկատայինները նախագահական նստավայրի մոտ ծեծի ենթարկում գենտին պառկած մարդկանց: 

Բողոքի ցույցերը Թաիլանդում շարունակվում են. այսօր տասնյակ հազարավոր ցուցարարներ, դուրս գալով փողոց, հայտարարել են «ժողովրդական պետական հեղաշրջման» մեկնարկի մասին: 

Վերջում չմոռանանք նաև մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետդումայի պատգամավոր. Ուկրաինայում իրավիճակը մտահոգիչ է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանը քնե՞լ է Պուտինի հետ ասուլիսին’