‘Օրվա համառոտ ամփոփում’

776

Օրը համեմատաբար հանգիստ էր.

«Դ!ԵՄ ԵՄ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը այսօր` ժամը 12:30 – ին մեքենաներով բողոքի երթ-ակցիա է իրականացրել ՄՀՀ հարող տարածք, Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ հարող տարածք երթուղով: 

Հանրապետական կուսակցությունը սպասվածի պես դեմ քվեարկեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը դատախազություն ուղարկելու եւ ՀՀ կառավարությանը մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն քաղաքականության անհետաձգելի միջոցառումների ծրագիր առաջարկելու նախագծին: 

Այսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունը որոշել է առաջարկել Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Հիշեցնենք, որ նույն օրը Հայ ազգային կոնգրեսը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ երթ է կազմակերպել: 

Կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային՝ հայտարարելով, թե աա առաջին դեպքը չէ, ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում:

Այսօր հայտարարություն են տարածել «Հայազն» կուսակցության վարչություն անդամները` մասնավորապես նշելով, որ խիստ հրատապ են համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը: 

Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին կայացավ ազատամարտիկների հանրահավաքը: Ելույթ ունեցողները իրենց խոսքում նշեցին, որ փետրվար ամսին ժողովուրդը պետք է հավաքվի հրապարակում և հասնի Սերժ Սարգսյանի և նրա կլանի հրաժարականին: 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի ղեկավարությանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մեծացման ուղղությամբ: 

Washington Post թերթը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ, հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենի կողմից թերթին տրամադրված բացահայտումների հերթական խմբաքանակը: 

Հայտնի է դարձել, որ Ուկրաինայում բողոքի գործողությունների հետևանքով հոսպիտալացվել է 412 մարդ, նրանցից ավելի քան 220-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: 

Չմոռանանք նաև մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը‘Շղթայական ավտովթար Բաղրամյան փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Նելսոն Մանդելան’