‘Օրվա համառոտ ամփոփում’

873

Այսօր գիշերը 95 տարեկան հասակում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան: 

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների և ժողովրդավարության, միջին և փոքր բիզնեսի պաշտպանության հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև Հայաստանի դերը եվրաասոցացման և մաքսային միության ստեղծմանը վերաբերող տարածաշրջանային գործընթացների մեջ: 

Այսօր շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը, որի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, իսկ երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝ 1.5մ։ 

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեյսին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը և Իրանը չեն բանակցել իրանական գազի կանխիկ գնման շուրջ, մինչ օրս խոսք է եղել երկնագույն վառելիքը բացառապես բարտերային հիմքերով մատակարարելու մասին՝ էլեկտրաէներգիայի փոխարեն: 

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով հինգ ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուս չորսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ըստ տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյառքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու: 

Սայաթ-Նովա 10-12 հասցեում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում այս գիշեր փլուզվել է բակ մտնող միակ ճանապարհի մի հատվածը: Հիշեցնենք, որ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ արդեն մի քանի ամիս է, ինչ բնակիչները բողոքում են: 

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիյա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը` ծանրահեղ առողջական խնդիրների պատճառով: Իսկ Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է իր հետագա գործողությունների պլանը:

Եվ վերջում` չմոռանանք նաև մեր խմբագրականների մասին:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կոչ է անում միավորվելու’