‘Օրվա համառոտ ամփոփում’

964

Դեկտեմբերի 8-ին, Հայաստանի 11 համայնքներում տեղի են ունեցել ղեկավարի ընտրություններ, որից հետո համայնքներից մի քանիսում դեռևս շարունակում են ղեկավարել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: 

«100 դրամով աշխատելը մահ է»,- օրեր առաջ հայտարարել էին գծատերերը եւ սպառնացել, որ հենց ձյուն գա, քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան այդ ամենը: Իսկ Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը զգուշացրել է,- «Քաղաքացիներին լավ բան չի սպասվում, դեռ ասֆալտը սեւ է, բայց որ ձյուն նստեց, չենք աշխատելու»: 

«Կենսաթոշակային պարտադիր կուտակային կենսաթոշակներին դեմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանքների է ենթարկում կենսաթոշակային բարեփոխումների դեմ նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից-վարորդներին: 

Այսօր նախկին ԱԳ նախարարներ Ալեքսանդր Արզումանյանը և Վարդան Օսկանյանը հանդիպել են Երեւանում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները: 

Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ պատրաստված զեկույցում այսօր ՄԻՊ-ն անդրադարձել է դատաքննական խախտումների վերջին դեպքերին՝ նշելով, որ եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, գործեր արդար, ամեն մարդ չէր փորձի դատավոր դառնալ, և արդարություն չէին փնտրի փողոցներում: 

2013թ.-ի ձմեռային զորակոչն այս տարի ընթանալու է որոշակի առանձնահատկություններով. զորամասի ընտրությունը կատարվում է զորակոչիկի կողմից վիճակահանությամբ, որն  ուղղված է կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազեցնելուն: 

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր հայտնել է, որ պաշտպանում է երկրի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի առաջարկը` համազգային կլոր սեղան հրավիրելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լեոնիդ Կրավչուկը կոչ էր արել Յանուկովիչին հրավիրել համազգային կլոր սեղան՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակից փոխհամաձայնությամբ դուրս գալու տարբերակները: 

Կիեւի Մայդանում շարունակվում են բողոքի ցույցերը: Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն կոչ է արել կիևցիներին շտապ գնալ մայդան, իսկ մայդանում արդեն հավաքված ցուցարարներին հրահանգել է կենդանի շղթա կազմել և խոչնդոտել իրավապահներին: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով լուծարվել է ռուսական ամենախոշոր ինֆորմացիոն գործակալություններից մեկը` РИА Новости-ն, որի փոխարեն ստեղծվելու է «Ռուսաստանն այսօր» նոր գործակալությունը: 

Չմոռանանք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին: 

 

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Կիևում’
Հաջորդ հոդվածը‘Փողին մունաթ, կամ ինչպես ունենալ թիկնապահ ոստիկան. Մամուլ’