‘Օրվա համառոտ ամփոփում’

861

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը կրկին լարված է անցել, սահմանի երկայնքով ադրբեջանցիները ինտենսիվ կրակոցներ են հնչեցրել, սակայն հայկական կողմից տուժածներ չկան: 

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով: Հանդիպմանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը: Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը iLur.am-ի հետ զրույցում  հայտնեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին` նա ընդհանրապես տվյալ քրեական գործի հետ կապ չունի, իսկ մեղադրանքը առաջադրվել է որոշակի պատվերով:   

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վիեննայում անցած դեկտեմբեր տեղի ունեցած հանդիմպումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ հուսադրող է, սակայն գլխավորը կախված է հակամարտող կողմերից:

Կիևում շարունակվում են բախումները հակակառավարական ցույցի մասնակիցների և միլիցիայի աշխատակիցների միջև: «Մարտերի» նոր փուլի սկիզբը նշանավորվել է մետաղական կառույցի՝ «կատապուլտի» փլուզումը, որը կառուցել էին ընդդիմադիր ջոկատները: Գրուշևսկու փողոցում իրավապահները գրոհել են այդ կառույցի վրա, տապալել այն, ապա, ընդդիմադիր ակտիվիստների խոսքերով, կրկին նահանջել են:

Ոստիկանությունը Ուկրաինայում ձերբակալել է «Ազատություն» ռադիոկայանի երկու լրագրողների, ծեծել, այնուհետև ազատ արձակել: Դեպքը տեղի է ունեցել լրագրող Դմիտրո Բարկարի և օպերատոր Իգոր Իսխակովի հետ, որոնք Կիևի կենտրոնում նկարահանում էին ցուցարարների և իրավապահների միջև բախումները: 

Եւ վերջում չմոռանանք նաեւ մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Սիրայի քրդերը հայտարարել են ինքնավարություն ստեղծելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»’