‘Օրվա համառոտ ամփոփում’

802

Օրը սկսեց տխուր լուրով. հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: 

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որից հետո նրան հողին հանձնեցին Երևանի քաղաքային պանթեոնում: Ֆոտոշարք

Այսօր Բրյուսելում` Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների կենտրոնական գրասենյակում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հանդիպում է ունեցել կուսակցության նախագահ Գրեհամ Ուաթսոնի եւ քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Հանսենի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տիրող վիճակը, Եվրոպայի խորհրդարանի մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ պարոն Ուաթսոնի խնդրանքով Մանուկյանը ներկայացրել է ՀԱԿ ծրագրերն ու անելիքները առաջիկայում:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին այսօր միաձայն որոշում է ընդունել: Միջազգային հանրությանը միաժամանակ նույնպես կոչ է արվել ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ճանաչել: Բանաձևի հեղինակը քաղաքային խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանն է: 

Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Ռուս դիվանագետը նշել է, որ այսօր հայկական լրատվամիջոցներում քիչ չեն այնպիսիները, ովքեր եվրասիական նախագծին երկրի մասնակցության հեռանկարների առումով ունեն կասկածներ, հետևաբար, հարկավոր է ակտիվորեն աշխատել, որպեսզի այդ գաղափարն ավելի գրավիչ դարձնել երկրի ողջ բնակչությանը, «հանգստացնել կասկածողներին և համոզել հոռետեսներին»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 29-ին ժամանել է Թեհրան՝ բանակցելու երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Էրդողանն իր երկօրյա այցի ընթացքում կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նախագահ Հասան Ռոուհանիի հետ: 

Եւ վերջում մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի դպրոցներում և մանկապարտեզներում ծխելն այսուհետև արգելվում է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը սկսել է ռուսերեն փաստաթղթեր հաստատել. «Ժողովուրդ»’