‘Օրվա համառոտ ամփոփում’

845

Ազգային ժողովում այսօր շարունակվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի աշխատանքը: Մինչ աշխատանքային օրվա մեկնարկը, արտառոց դեպք է տեղի ունեցել ԱԺ անցակետերում. պատգամավորների բազմաթիվ օգնականներ երկար ժամանակ չեն կարողացել իրենց անցագրերով մուտք գործել ԱԺ վարչական շենք: 

Նիստի ժամանակ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ է արել միանշանակ ստեղծել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով՝ ելնելով բոլորի արժանապատվությունից: «Եթե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ունի առաջարկներ, կամ առկա է ՀՀԿ-ականների թիվը ավելացնելու, պայմանները փոխելու ցանկություն, ապա թող լինի. կարեւորը հանձնաժողովի բացվելն է»,- հավելել է Մանուկյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է իշխող ՀՀԿ-ականների կողմից երեկ հնչած այն հայտարարություններին, թե որոշման նախագծի մշակմանը ինչո՞ւ իրենց չեն հրավիրել, և այդ դեպքում, հնարավոր է, իրենք էլ կողմ լինեին առաջարկին և իրենց առաջարկությունները ներկայացնեին:

Ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկվա նիստում ԱԺ-ում բարձրացվել են շատ կոնկրետ հարցեր, որոնք իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձել են բոլորովին այլ դաշտ տեղափոխել եւ դեմագոգիայով զբաղվել: Այնինչ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նախաձեռնության հեղինակ 4 քաղաքական ուժերը ցանկանում են ստանալ մի քանի հստակ հարցի պատասխաններ: 

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, և կոչ է արել վերջ տալ իշխող մեծամասնության այն հայտարարություններին, թե ընդդիմությունն ընդամենը շահարկում է այս հարցը: 

Այսօր Հալեպում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով մասնակիորեն տուժել են «Սահակյան» և «Կիլիկիա» գիմնազիաների շենքերը, որոնք պատկանում են հայկական համայնքին: Արդյունքում՝ զոհվել են ազգությամբ արաբ տատիկ և թոռնիկ, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել, եթե դա մնա երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ժողովրդավարական միջոցը: Այս մասին ICTV հեռուստատեսության եթերից հայտարարել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն էՕրը հռչակվել է 2001թ.-ին՝ Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից, որի նպատակն էր հանրության ուշադրությունը կենտրոնացնել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:

Եվ վերջում iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ռազմական ծախսերի ծավալով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգում կարող են հայտնվել հյուսիսկովկասցիներից կազմավորված ջոկատներ’