‘Օրվա համառոտ ամփոփում’

900

Անցած գիշեր, խոչընդոտելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ: Մեր հետ զրույցում Կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանը հայտնել է, որ ըստ ոստիկանության՝ իրենց ձերբակալել են պետական գույքին վնաս հասցնելու փորձ կատարելու պատճառաբանությամբ ՝ այն դեպքում, երբ իրազեկումը անգամ չէր էլ մեկնարկել:

Կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից: «Ոստիկանությունը հերթական անգամ իր հավատարիմ` ապօրինի ոճի մեջ է գործել: Իսկ դա պայմանավորված է  առաջիկա մարտի 1-ի Կոնգրեսի հանրահավաքի նկատմամբ իշխանությունների ունեցած վախով»,- նշել է Մուսինյանը:  

«Հարավկովկասյան» երկաթուղու աշխատակիցները այսօր իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ կենսաթոշակային պահումների առիթով:  Ավելին՝ կենսաթոշակային վճարներ կատարելու նպատակով իրենց աշխատավարձները չվերադարձնելու դեպքում  ակցիայի մասնակիցները պատրաստ են նաեւ գործադուլի: 

Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի դեմ խորհրդարանական 4 ուժերի` Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների բողոքը կարող էր լուրջ հաղթաթուղթ ծառայել Հայաստանի իշխանությունների ձեռքին` ռուսական կողմի հետ բանակցություններում: Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Փորձագետը խայտառակություն է համարել գազային համաձայնագրերը: 

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման: 

Թուրքիան ԵՄ-ին կարող է անդամակցել Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միայն: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցությունից Փարիզի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Անն Իդալգոն՝ նշելով, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման է: 

Ուկրաինայում ցուցարարները, աչքերն ու բերանները կապած, բողոքի երթ են կազմակերպել դեպի Կիևում Գերմանիայի դեսպանատուն: Ըստ ցուցարարների՝ Եվրամիությունը, որում կարևոր դերակատարություն ունի Բեռլինը, աչքերը փակում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա և միանշանակ ոչինչ չի ասում: Այդ լռությունը, ակցիայի մասնակիցների կարծիքով, ձեռնտու է նախագահ Յանուկովիչին, որի անունից էլ ցուցարարները ծաղրական շնորհակալական տեքստ են գրել և այն թողել  դիվանագիտական ներկայացուցչության մոտ: 

Եվ վերջում, չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը‘Փողոցային մարտիկներ. Ուկրաինայի կառավարությունը ջարդարարների գաղտնի բանա՞կ է պահում’
Հաջորդ հոդվածը‘Եմենը կդառնա դաշնային պետություն’